Բաժիններ՝

«Դեմ եք քվեարկել նրա համար, որ քի՞չ էր, թե՞ որ հնարավոր չէ անել». Հակոբ Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ելքի» նախընտրական ծրագրում ասվում է, որ ՀՀ բնակչությունը 20 տարում պետք է կրկնապատկվի, դառնա 5.6 մլն։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ նշելով, թե ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել ՀՀԿ-ի ծրագրին՝ մինչև 2040 թ. 4 մլն բնակչություն ունենալու մասին։

«Դեմ եք քվեարկել նրա համար, որ քի՞չ էր, թե՞ որ հնարավոր չէ անել»,- հարցրեց Հ.Հակոբյանը։

Ն.Փաշինյանը տարակուսեց, որ 4 մլն-ին դեմ քվեարկելը ի՞նչ նկատի ունի Հակոբյանը, և միաժամանակ նշեց, որ դեմ կքվեարկեր այդ դրույթին, որովհետև դա սուտ է, հնարավոր չէ մի երկրում, որտեղ հարկային, ոստիկանական, քաղաքական տեռոր է տեղի ունենում, այդ երկրում բնակչության թիվն աճի, ինչը ցույց է տվել մեր 20 տարվա պատմությունը։ Ըստ նրա՝ արտագաղթն արձագանքն է ՀՀԿ-ի իրականացրած քաղաքականության։

Աղքատության, սոցիալական ծախսերի հետ կապված լուծումը, Ն.Փաշինյանի կարծիքով, պարզ է, որովհետև Հայաստանն ունի տնտեսություն, որը պատրաստ է և ի վիճակի է ապահովել մարդկանց նվազագույն ու գուցե մի փոքր ավելի կարիքները։ Մ.Փաշինյանի խոսքով՝ այսօրվա փոփոխությունների պատճառն էլ այն է, որ հասարակությունը հասկացել է, որ փոփոխությունների հույս չի կարելի կապել ՀՀԿ-ի հետ։

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ տասնյակ զանգեր է ստանում սփյուռքի մեծահարուստներից, որոնք պատրաստակամություն են հայտնում ներդրումներ անել այստեղ. «Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում, ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ կոնկրետ հայկական սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին։ Իր հերթին՝ մեզ սպասում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին՝ շղթայական բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների բարձրացման և աղքատության կրճատման»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս