«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի». Էդուարդ Շարմազանով

«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, որ ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք է դուրս գալ, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք չէ դուրս գալ»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում բազմաթիվ լինեն հարցերը, որտեղ 180 աստիճանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և քայլերը տարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

«Գաղտնիք չէ՝ ես ինքս դեմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), ինչը նշանակում է, որ ես դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք, լինելով քաղաքական գործիչներ և պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ։ Եվ կարծում եմ, որ ցանկացած քաղաքական և պետական գործիչ, ով ելնում է Հայաստանի ազգային շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի»,- պատասխանեց Ն.Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման ԱԺ-ում, երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել, ինքը դեմ է քվեարկել դրան՝ պատճառաբանելով, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար։

Ըստ նրա՝ պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ՝ երկրի ազգային շահերով։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությանը, Ն.Փաշինյանը կրկնեց նախկինում իր արտահայտած միտքը, որ որպես ընդդիմություն՝ հնարավորություն չի լինում ԵԱՏՄ գործընկերների հետ ուղիղ քննարկել առկա խնդիրները, և տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ, որ հարցերը լսելի ձևով բարձրաձայնվեն, իսկ որպես իշխանություն՝ հնարավորություն կա բոլոր այդ հարցերն ըստ առաջնահերթությունների՝ քննարկել գործընկերների հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Ն.Փաշինյանը կրկնեց, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացնելու, սակայն դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում չկան խնդիրներ, բայց իրենք այդ խնդիրները կքննարկեն գործընկերության մթնոլորտում։

«Ազնիվ ենք խոսում՝ չհամոզեցիք»,- հայտարարեց Է.Շարմազանովը՝ հիմնավորելով, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը չպետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանության, և ինքն այն կարծիքին չէ, որ, եթե ընդդիմություն ես, կարող ես ունենալ մի դիրքորոշում, իսկ իշխանություն դառնալու դեպքում՝ առաջնորդվես միայն պետական շահով։ Է.Շարմազանովը նշեց, որ ցանկացած գործչի արտաքին և ներքին քաղաքական ծրագրային պլատֆորմը պետք է հստակ լինի, կախված չլինի իշխանություն կամ ընդդիմություն լինելուց։

Է.Շարմազանովը հայտարարեց, որ Փաշինյանն այսօր շատ լավ ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխել է ՀՀ պետական շահերից, և մուտքը ԵԱՏՄ սպասարկել է ՀՀ պետական շահը։

«Ես հիմա չեմ ուզում Ձեզ հետ բանավեճի մեջ մտնել, ես ընդամենը արձանագրեցի, որ պետական և քաղաքական գործիչները պարտավոր են հաշվի նստել իրողությունների հետ։ Կարծում եմ, որ մենք մեր երկրի պատմության ընթացքում շատ ենք բախվել իրավիճակների, երբ քաղաքական և պետական գործիչները ակնհայտ իրողությունների հետ հաշվի չեն նստել, և դա բերել է որոշակի ցնցումների»,- պատասխանեց Ն.Փաշինյանը։

Նա նշեց, որ ինչպես իշխանություն, այնպես էլ ընդդիմություն լինելը գործառույթ է, ունի գործողությունների, ազատությունների և գործիքակազմերի որոշակի շրջանակ, որոնք միշտ չէ, որ նույնական են առնվազն 100%-ով։

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը ՀԱՊԿ-ի մասին, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրն արժանանալու է Սևրի պայմանագրի ճակատագրին, և հարցրեց, թե ի՞նչ փաստարկների հիման վրա է նա այդպես մտածել, և արդյո՞ք ՀԱՊԿ գործընկերների հետ առաջիկա հանդիպմանը կբարձրացնի Հայաստանին աջակցության հարցը.

«Դիցուք, եթե վաղը լինում է կրակոց Մովսես գյուղի ուղղությամբ Ձեր վարչապետության օրոք, որո՞նք են լինելու Ձեր քայլերը»։

Ս.Ֆարմանյանը նաև նկատեց, որ շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս գոնե 1 անգամ չի օգտագործել՝ «ռազմավարական դաշնակցային թեկնածու», և հարցրեց, թե ինչո՞ւ։

Ն.Փաշինյանը պատասխանեց, որ շարժման ընթացքում իրենք չեն անդրադարձել արտաքին քաղաքականությանը, շարժման հիմքում աշխարհաքաղաքական որևէ կոնտեքստ չկա, այն մաքուր հայաստանյան պրոցես է, որ կենտրոնացած է ներքին օրակարգի հարցերի վրա.

«Իսկ որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են, կարծում եմ, դա ևս իրողություն է, որի հետ մենք բոլորս հաշվի ենք նստում։ Այսինքն՝ եթե մենք հիմա անընդհատ չենք արձանագրում, որ այս սենյակը լցված է օդով, դա չի նշանակում, որ այս սենյակը լցված չէ օդով»։

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց ռազմական անվտանգության ոլորտում, ոչ միայն ռազմաքաղաքական։

Տեսանյութեր

Լրահոս