«Սերժ Սարգսյանը նաև մի բան ասաց, որն ինձ զարմացրեց». Արսինե Խանջյան
«Հրաշք պահ է»,- այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտարարեց դերասանուհի Արսինե Խանջյանը:
Նա ասաց, որ ինքը հրաշքների չի հավատում, բայց այս պահին իրեն թվում է՝ հրաշք է ապրում: Նա ասաց, որ, եթե չլիներ Հայաստանում, չէր կարող ամբողջությամբ հասկանալ՝ մարդիկ ինչ գործողություններ են անում, որպեսզի հասնեն հեղափոխության. «Սփյուռքում մենք հեղափոխությունը տեսնում ենք, բայց ձեր աչքերը չենք տեսնում, ձեր ուժը, կամքը չենք տեսնում, չի կարելի այդ ամենը հասկանալ՝ մինչև Հայաստանում չլինես»:
Ա. Խանջյանը նշեց, որ այսօր քայլերթի ժամանակ ինքն այնքան ժպիտներ է տեսել, որ այս հեղափոխությունը համարում է ոչ թե թավշյա, այլ՝ ժպիտների.
«Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, շատ լավ բան արեց ու շատ լավ բան հասկացավ, բայց Սերժ Սարգսյանը նաև մի բան ասաց, որն ինձ զարմացրեց, ասաց՝ «ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր»: Հետևաբար, ՀՀԿ-ն, չունենալով այլևս Սերժ Սարգսյանին՝ որպես ղեկավար, պետք է հարգի իր լիդերի խոսքը, որ Սերժ Սարգսյանը կարող էր չասել այդ խոսքը, և ես չեմ հասկանում, թե ինչու նա այդ խոսքն ասաց, բայց քանի որ ասել է, ամեն ՀՀԿ-ական պետք է հետևի այդ խոսքին և ընդունի դա»: