Առևտրի կենտրոններում անցկացվել են հակահրդեհային վարժանքներ, հայտնաբերվել են թերություններ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ է կազմակերպել «Տաշիր Ինվեստ Գրուպ» (հասցե՝ Մ․ Խորենացի 33) և «Ռոսիա մոլ» (հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա 16) առևտրաժամանցային կենտրոններում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարժանքն ուղղված է եղել ստուգելու տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործելու անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Համաձայն վարժանքների սցենարի՝ առևտրի կենտրոններում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, առաջին հարկը ծխապատ է, և առկա է մարդկանց տարահանման խնդիր:
Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարահանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում և այլն:
Անցկացված վարժանքների ընթացքում երկու առևտրաժամանցային կենտրոններում էլ հայտնաբերվել են որոշակի թերություններ, սակայն «Ռոսիա մոլ»-ում թերությունները համեմատաբար ավելի քիչ են եղել: Բավական արդի և աշխատունակ է ժամանցաառևտրային կենտրոնի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը, սակայն կան խնդիրներ ազդարարման համակարգի աշխատանքում։ «Տաշիր» առևտրաժամանցային կենտրոնում հակահրդեհային անվտանգության համակրգերի թերություններն ավելի շատ են եղել, մասնավորապես՝ ազդարարման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, հրդեհաշիջման միջոցների ոչ բավարար քանակը։ Երկու տեղում էլ թերի է առևտրի կենտրոնների անվտանգության աշխատակիցների պատրաստվածությունը, մասնավորապես՝ առաջին օգնության բաղադրիչներին տիրապետելու և այցելուների տարահանման կազմակերպման հարցում։
ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում են ունեցել տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: