«Ռուսաստանը դժվարին պահին չի լքում Հայաստանին». Կոնստանտին Զատուլին
Ռուսաստանը ներկայիս իրադրությունում հուսով է, որ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև լսելի կլինի Ղարաբաղի կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Բանակցային գործընթացից Ղարաբաղին դուրս թողնելը ճիշտ չի եղել, բայց դա արդեն անցյալ է, և, հավանաբար, հնարավոր չէ այդպես հեշտորեն վերականգնել»,- ասաց Կ. Զատուլինը։
Նա նշեց, որ իրենք դեմ են ցանկացած ռազմական փորձարկումների և ռազմական ռևանշի փորձերի։
Կ. Զատուլինը հավաստիացրեց, որ ծանր է տանում ապրիլյան պատերազմը, վստահ է, որ այն Ադրբեջանի նախաձեռնությունն էր, որ ներքին և արտաքին խնդիրների պատճառով որոշել էր խախտել հակամարտության գոտում բալանսը, որ այդ ժամանակ կիրառվել է ռուսական զենք, և հուսով է, որ հետագայում Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումները թույլ են տվել վերականգնել բալանսը.
«Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծման ցանկացած ուժային ճանապարհի։ Խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն, որևէ սադրանք չպետք է լինի, առավել ևս, կրկնակի անընդունելի է, երբ Հայաստանում այս տիպի գործընթացներ են տեղի ունենում»։
Կ. Զատուլինը վստահեցրեց, որ իրենց ներկայությունն այստեղ և Պուտինի հեռախոսազրույցը Կարեն Կարապետյանի հետ պետք է վկայի, որ Ռուսաստանը դժվարին պահին չի լքում Հայաստանին.
«Դա, կարծում եմ, պետք է հայտնի լինի ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ Ադրբեջանում։ Դրա համար ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այս պահին կփորձի ապակայունացնել իրավիճակը և օգտվել Հայաստանի ներքաղաքական խնդիրներից, որպեսզի ինչ-որ բան անի։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հույս ունի, որ ներքաղաքական խնդիրները կշարունակվեն, և գիտի, որ, եթե փորձի ինչ-որ բան անել, Հայաստանում կոնսոլիդացիա կլինի։ Դա նրա ինչի՞ն է պետք։ Հակառակը, նա լուռ ուրախանում է, որ Հայաստանում կան ներքին խնդիրներ»։