«Կարեն Կարապետյանը փորձ է անում շարունակել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձևավորած փակ համակարգի ավանդույթները». Արայիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը կոչ է անում Կարեն Կարապետյանին՝ չկրկնել իր նախորդ ավտորիտար ռեժիմների գործելաոճը և հաշվի նստել հրապարակի կարծիքի հետ։

«Ակնհայտ է, որ եթե Սերժ Սարգսյանի նման պետության ղեկավարի պաշտոն զբաղեցնողները ստիպված եղան ականջալուր լինել պահանջներին և հեռանալ, ապա Կարեն Կարապետյանը, լինելով քաղաքական առումով բավականին թույլ կամք ունեցող առաջնորդ, պետք է կրկնակի աչալուրջ և ականջալուր լինի բոլոր այն պահաջներին, որ հասարակությունը ներկայացնում է իշխանություններին։

Այս բանակցություններն այդ առումով շատ կարևոր էին։ Ցավում եմ Կարեն Կարապետյանի համար, բայց հրապարակը, ժողովուրդը ձև կգտնի իր պահանջները տեղ հասցնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ա.Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները մերժելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությանը։

Ըստ Ա. Հարությունյանի, փաստացի, Կարեն Կարապետյանը փորձ է անում շարունակել այն փակ համակարգի ավանդույթները, որ ձևավորվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, իսկ դա լավագույն գործելաոճը չէ և հաստատ իրեն օգուտ չի բերի։

Կարեն Կարապետյանի խորհրդին, թե՝ «պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին», Ա.Հարությունյանը  պատասխանեց.

«Այսօր ակնհայտ է, որ քաղաքական դաշտում կա համերաշխություն՝ մինուս Հանրապետական կուսակցություն, մի 2 շաբաթ առաջ՝ մինուս Սերժ Սարգսյան, հիմա՝ մինուս Կարեն Կարապետյան, այնպես որ՝ ինքը պետք է ականջալուր լինի հրապարակի կոչերին, այլ ոչ թե մեջբերի Արմեն Սարգսյանի կոչերը»։

Թե ի՞նչ է սպասվում այս պայմաններում, երբ արդեն մայիսի 1-ին ԱԺ-ն պետք է քննարկի վարչապետի թեկնածուի հարցը, Ա. Հարությունյանը նշեց, որ այնպես, ինչպես ժողովուրդը խաղաղ բողոքի ակցիաների միջոցով իր կամքը պարտադրեց իշխանություներին Սերժ Սարգսյանի դեպքում, կգտնի նաև միջոց Կարեն Կարապետյան նման քաղաքական թույլ կամք ունեցող քաղաքական գործչին պարտադրելու համար։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս