«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ԱԺ-ն ընտրելու է վարչապետ, և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Ռուբեն Ռուբինյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ասաց, որ պետք է հնարավորինս կազմակերպված լինել. «Իշխանությունն այլևս իրավիճակին չի տիրապետում, խուճապի մեջ է»։
Քաղաքագետը խոսեց մի քանի կազմակերպչական հարցերի մասին։ Նա նախ ասաց, որ ցերեկը մեքենաների սահմանված արագությունը չի կարելի գերազանցել. «Բոլորս այնպես ենք անում, որ մեքենաների երթևեկությունը խնդիրներ չստեղծի այլ քաղաքացիների համար։ Պահպանում ենք սահմանված երթևեկության արագությունը։ Մեզ շատ են ասում, որ կան մեքենաներ, որոնց համարանիշերը փակված են. խնդրում եմ՝ այդպիսի մեքենաներով չմասնակցել ակցիաներին։ Գիշերը 22։30-ից հետո փորձում ենք պահպանել լռություն, չենք աղմկում, որպեսզի քաղաքացիները կարողանան հանգստանալ և ցերեկները մասնակցեն ակցիաներին։ Տարածքին, որտեղ մենք գտնվում ենք, պետք է վերաբերվենք ինչպես մեր տանը։ Այդ տարածքը պետք է լինի մաքսիմալ մաքուր»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն Հայաստանում այլևս իշխանություն չունի. «ՀՀ-ում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին, և սա անշրջելի է։ Մենք պետք է որոշենք, թե ով է այն մարդը, որը լիազորված է լինելու այս հրապարակի և ՀՀ ժողովրդի գերակշիռ մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ և անցկացնել արտահերթ ընտրությունները»։
Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին Նիկոլ Փաշինյանի անունը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ԱԺ-ն ընտրելու է վարչապետ, և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։