10 զոհ Տորոնտոյում. ոստիկանությունը քննում է հետիոտների վրա ֆուրգոնի վրաերթի բոլոր վարկածները
Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտների վրա ֆուրգոնի վրաերթը կարող է ահաբեկչական գործողություն լինել, բայց հետաքննությունն այժմ քննում է բոլոր վարկածները: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության պետ Մարկ Սանդերսը մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել են Կանադայի ազգային հեռուստաալիքները։
«Մենք ոչինչ չենք բացառում, բայց նկատի առնելով այն, ինչ մենք այժմ ունենք, դեռեւս վաղ է եզրակացություններ անել: Հետաքննությունը շարունակվում է: Մենք փորձում ենք պարզել շարժառիթները»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ահաբեկչական գործողության հնարավորության վերաբերյալ հարցին: Ըստ որում ոստիկանության պետը նշել է, որ «այս ակցիան վաղօրոք նախապատրաստվածի տեսք ունի»:
Սանդերսը նաեւ հայտնել է, որ ձերբակալված վարորդի հետ, որը Ռիչմոնդի 25-ամյա բնակիչ Ալեք Մինասյանն է, այժմ աշխատում են քննիչները, նա հրաժարվել է որեւիցե մանրամասնություն հայտնել: Վրաերթի հետեւանքով 10 մարդ զոհվել է, եւս 15-ը վիրավորվել:
Ոստիկանության պետը ճշտել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել ապրիլի 23-ին տեղական ժամանակով 13:26-ին (Երեւանի ժամանակով 21:26-ին) Տորոնտոյի հյուսիսային մասի Յանգ փողոցում: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է ոստիկանության կողմից: