
Ռուսաստանը և Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով

Ռուսաստանի եւ Չինաստանի՝ միջազգային պայմանավորվածությունների խստիվ պահպանմանը միտված կոնսոլիդացված ուղեգիծը կարգեւորագույն դեր է խաղում մոլորակի վրա կայունության ամրապնդման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի եւ Չինաստանի՝ միջազգային իրավունքի խստիվ պահպանմանն ուղղված կոնսոլիդացված գիծը հանգուցային դեր է խաղում աշխարհում կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում»,-ասել է նա: Նախարարի խոսքով՝ ՉԺՀ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկն է:
«Բարձր ինտենսիվության շփումների պահպանում ենք ակնկալում նաեւ այս տարի»,-ընդգծել է Լավրովը: Իր հերթին Վան Ին նշել է, որ ռուս-չինական հարաբերությունների հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների շահերին: