
Հայազգի գործարարները կոչ են անում չդառնալ գործիք օտար թշնամական հոսանքների համար

Արտերկրում բնակվող մի խումբ հայազգի գործարարներ հայտարարություն են արել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով չանտեսել վերջին երեսուն տարիների ընթացքում արյան և չարչարանքի գնով հայկական պետականության ձեռքբերածը և, ակամա, չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառակտիչ հոսանքների համար: Հայտարարության մեջ ասված է.
«Հողերը մե՛րն են, մե՛րը
Վաղն ապրիլի 24-ն է, և հարյուր հազարավոր հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցելու ազգային սրբավայր Ծիծեռնակաբերդում: Ոչ ոք իրավունք չունի մեր սրբադաս նահատակների հիշատակման արարողությունը շեղել այլ ուղղությամբ:
Հիշենք` «Հողերը մե՛րն են, մե՛րը» ազնիվ կոչն էր, որ 1965 թվականի ապրիլի 24-ին Երևանում համախմբեց հարյուր հազարավոր հայորդիների, ովքեր վերստին ապացուցեցին իրենց` ազգային ինքնության ու հիշողության իրավունքը: Հետևենք նրանց օրինակին, ինքներս մեզ հարվածելու փոխարեն` մեր միասնական պահանջն ուղղենք ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանն ու Ռուսաստանի Դաշնությանը` վերահաստատելու հայ ազգի պահանջատիրությունը մեր Մեծ Հայրենիքի նկատմամբ:
Կոչ ենք անում չանտեսել վերջին երեսուն տարիների ընթացքում արյան և չարչարանքի գնով հայկական պետականության ձեռքբերածը և, ակամա, չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառակտիչ հոսանքների համար: Իսկ, տարիների ընթացքում կուտակված ազգային եռանդը, հորդորում ենք ուղղել կառուցողական համատեղ աշխատանքի և հավակնոտ ազգային ծրագրերի իրականացմանը:
Հանուն Հայրենյաց`
Վարտան Սիրմակես
Հրաչ Կապրիելյան
Արդեն Սելլեֆյան
Հարութ Միսիրյան
Վարտկես Կնաջյան
Հայկ Հովհաննիսյան
Սարկիս Կամբուրյան
Մարտիկ Աբրիմիյան
Սաքո Աբրիմյան
Հրանտ Գուլյան
Դավիթ Մելյան
Պերճ Գոքբերգ
Նիկո Յագան
Աբրահամ Օդեմիս
Սևակ Արծրունի»: