41 մարդ ձերբակալվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
Քրեական գործի նյութերի համաձայն` վերը նշված անձինք ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը: Անօրինական հավաքի մասնակիցները պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ:
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից ևս 11-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:
2018թ.-ի ապրիլի 23-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքներ կազմակերպելու, անցկացնելու, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու մեջ կասկածվող` ընդհանուր առմամբ 41 անձինք:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ձերբակալվածների թվում են նաև 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող և անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:
Նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են նաև անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը և Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
2018թ.-ի ապրիլի 23-ի դրությամբ ձերբակալվածներից 4-ն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են:
Մեղադրյալներից Տ. Մազմանյանի, Գ. Միրզոյանի և Հ. Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: