«Կարծում եմ՝ երբ վարչապետը գնաց հանդիպման, ինքն արդեն որոշակիորեն մոտեցումներ ուներ, թե Նիկոլը ով է». Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը «վատ գնահատական» ունի Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 168.am-ի հետ զրույցում Գ. Սահակյանը կարծիք հայտնեց, որ բոլոր  ուժերը պետք է կարողանան որոշակի իրենց դիտողություններով ներկայանալ և վերլուծությունների ենթարկել իրավիճակը:

– Պարոն Սահակյան, ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից:

– Ես ելքը տեսնում եմ, որ Հայաստանը հանգիստ պետություն պետք է լինի:

– Փողոց դուրս եկած մարդիկ իշխանափոխություն և Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում: Որքանո՞վ եք դա հավանական համարում:

Կարծում եմ՝ դա անմիտ պրոցես է, որովհետև այն, ինչը ստեղծվել է, օրենքի պայմաններում է ստեղծվել, ու չեմ կարծում, որ այդ ճանապարհով պետք է գնան: Ավելի լավ կլինի, որ մարդիկ նստեն խորհրդակցեն՝ մեր երկրի հետագա ճակատագրի մասին մտածելով:

– Որպես ԱԺ նախկին նախագահ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալություններին:

Ընդհանրապես ես ինձ չեմ համարում ԱԺ նախկին նախագահ: Ես ինքս քաղաքական գործիչ եմ ու կարծում եմ՝ եթե որևէ ձերբակալություններ են լինում, եթե այդտեղ հանցագործություններ չկան, չեմ տեսնում որևէ նոր երևույթ:

– Այս խաղաղ հավաքների մեջ որևէ անօրինական բան տեսնո՞ւմ եք:

– Ես այդ հավաքները խաղաղ չեմ համարում, որովհետև ինքը որևէ քաղաքական մենաբանություն չունի, և որևէ խնդիրներ չկան, որ նստես, մտածես ու շարունակես քո ընտրած ճանապարհը՝ որպես պետություն:

– Այսինքն՝ դուք ցույցերը խաղաղ չե՞ք համարում:

– Չէ, բնականաբար, այդ ցույցերը խաղաղ համարելու համար անհրաժեշտ է որևէ մոտեցում, պայմաններ, խնդիրներ, որոնք առաջարկվեն իշխանություններին, և իշխանությունների հետ համատեղ նստեն-քննարկեն  հետագա մեր երկրի ճակատագիրը:

– Տեսանք, որ ՀՀ վարչապետի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չստացվեց: Ինչպե՞ս եք գնահատում դա, և այդ պայմաններում ի՞նչ կարելի է սպասել:

– Կարծում եմ՝ երբ վարչապետը գնաց հանդիպման, մտածում եմ, որ ինքն արդեն որոշակիորեն մոտեցումներ ուներ, թե Նիկոլը ով է, և ինչպես կարող է հանդիպել: Երբ գնաց, որպեսզի երկխոսեր, Նիկոլը բացատրեց, որ ինքը կանչել է, որ հրաժարականի մասին խոսեն. դա ո՛չ քաղաքական է, ո՛չ ազգային է, ո՛չ էլ գաղափարախոսական մոտեցում է:

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը նախօրոք ասել է, որ հենց դրա շուրջ է միայն բանակցելու: Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, որ դա է լինելու խոսակցության թեման:

– Ես չգիտեմ՝ գիտե՞ր, թե՞ չգիտեր, ոչ էլ ես եմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ուզում ընդհանրապես:

– Պարոն Սահակյան, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետը:

– Ճիշտն ասած, ես էդ մասին չեմ էլ մտածել: Կարող եմ  տրամաբանորեն ասել՝ էն պրոցեսներում, երբ ընդդիմությունը փորձում էր արդեն գալ Ազատության հրապարակ, Նիկոլ Փաշինյանը բեմ բարձրացավ իր արձագանքներով, մարդկանց պահեց նույն տեղը: Կարծում եմ՝ մնացած բաներն իրավաբանները ժամանակին կասեն:

– Այս օրերին հիմնական մտահոգությունը, որ հնչում է, արյունահեղություն չլինելու վերաբերյալ է…

– Դա բոլորիս միտքն է, դա ամենակարևոր գործոնն է, այդ պատճառով այս օրերի ընթացքում ամեն ինչ արվեց, որպեսզի այդ արյունահեղությունը չլինի, և այսօր էլ շարունակվում է դա:

– Արյունահեղության ռիսկեր տեսնո՞ւմ եք:

– Իհարկե, ռիսկեր տեսնում եմ, բայց նաև մտածում եմ՝ փորձենք բոլոր պայմանները ստեղծել, որ չհասնի դրան որևէ բան:

Տեսանյութեր

Լրահոս