«Մի հատ հիշեք, թե ինչպիսի սուլոցներով ենք մենք ճանապարհել Կարեն Դեմիրճյանին 88-ին՝ «Ղարաբաղը գրպանումս է» արտահայտության համար». Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահ է, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է, քաղաքականության մեջ փլավ, ինչպես և պատերազմում, չի բաժանվում:
«Մի հատ հիշեք, թե ինչպիսի սուլոցներով ենք մենք ճանապարհել Կարեն Դեմիրճյանին 88-ին՝ «Ղարաբաղը գրպանումս է» արտահայտության համար, և ինչ ոգևորությամբ ենք հետո իրեն հետ ընդունել և Ազգային հերոս ընկալում: Հիշեք, թե ինչ ռեյտինգ ուներ Վազգեն Մանուկյանը, երբ վարչապետ եղած ժամանակ պետք է գնար, և ինչպես հասարակությունը ձեռքերի վրա պատրաստ էր իրեն հետ բերել 96թ.-ին:
Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգը՝ իր հրաժարականի ժամանակ, հիշեք հասարակության վերաբերմունքը նրան 95-96թթ.-ին, և այն ոգևորությունը, երբ նա հիմնական թեկնածուն էր նախագահական ընտրություններում՝ այն ժամանակ գործող նախագահին:
Նայեք Սահակաշվիլու կերպարը, որ ազգային հեղափոխության հոգևոր հայր էր և հանկարծ իր երկրում դարձավ պերսոնա նոն գրատա ու չի կարողանում վերադառնալ իր երկիր, Ժակ Շիրակի պես նախագահին հիշեք, որը Ֆրանսիան միջազգային քարտեզի վրա դարձրեց խոշորագույն դերակատարներից մեկը, հիմա դատական հետաքննության տակ է՝ իր տարիքն առած վիճակում և բազմաթիվ առողջական խնդիրներով»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Վ.Սարգսյանը՝ կոչ անելով սթափ նայել իրերին, և հավելելով, որ սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չի, այլ քաղաքական կատեգորիա է ձևավորված իշխանությունը և դրանից բխող գործընթացները։
Նա նշեց, որ ամեն դեպքում հասարակությանը վախեցնելու խնդիր չունեն, ՀՀ ԶՈՒ-ն և Արցախի ՊԲ-ն լիարժեք մարտունակ են և ի վիճակի կանգնեցնել ցանկացած հարձակում։
Հարցին՝ կարգելե՞ր իր զավակներին մասնակցել բողոքի ակցիաներին, նախարարը պատասխանեց, որ կարգելեր, որովհետև նրանք անչափահաս են, իսկ իր առաջնային խնդիրն է՝ ապահովել նրանց անվտանգությունն ու կրթության հնարավորությունը։
Վ.Սարգսյանի կարծիքով՝ երկխոսությունը չի սկսվում կամ ավարտվում առանձին միջադեպերով։ Նա վստահեցրեց, որ ՀՀ վարչապետը պատրաստ է երկխոսել, իսկ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ, կան նրա թիմակիցները, խորհրդարանական խմբակցության անդամները, իսկ առանց երկխոսության՝ արդյունքը փակուղի է լինելու.
«Ես ուզում եմ մեզ բոլորին մաղթել խաղաղ երկինք, կայունություն, մեր մտքերին խաղաղություն, և շատ ուզում եմ, որ այս իրավիճակից հաղթող դուրս գա ՀՀ քաղաքացին, մեր հասարակությունը, մեր երկիրը և, ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։ Պետք է ուղղակի խուսափել հնարավոր սադրանքներից, հնարավոր վտանգներից»։