«Դա բանակցություն չէ, ուլտիմատում է, դա շանտաժ է օրինական իշխանությանը». Բանակցություններն ավարտվեցին
Քիչ առաջ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց և արագ ավարտվեց Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
«Ուրախ եմ, որ արձագանքեցիք մեր բազմաթիվ կոչերին՝ երկխոսելու, թեև լավ չեմ պատկերացնում՝ տասնյակ լրագրողների ներկայութամբ ինչքան կարող ենք բանակցել»,- դիմելով Ն. Փաշինյանին՝ ասաց վարչապետը:
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա, որովհետև ես շատ հստակ ներկայացրել եմ մեր դիրքորոշումը: Խոսքը ոչ թե երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին: Ես եկել եմ՝ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները և իշխանության անցնցում փոխանցման պայմանները»:
«Դա բանակցություն չէ, ուլտիմատում է, դա շանտաժ է օրինական իշխանությանը: Դուք չեք գիտակացում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից: Ես ձեզ ևս մեկ անգամ խորհուրդ կտամ գալ իրավական դաշտ, հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխաատվությունը ձեր վրա է»,- հայտարարեց վարչապետը:
Ն. Փաշինյանն էլ ասաց, որ ոչ ոք չի կարող սպառնալիքներով խոսել իրենց հետ. «Դուք չեք պատկերացնում ՀՀ ում-իրավիճակը, այն նույնը չէ, ինչ 15-20 օր առաջ, դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում ենք»:
Ս. Սարգսյանն էլ ասաց, որ 7-8 տոկոս ստացած խմբակցությունն իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից: Նա ասաց, որ հեռանում է և լրագրողներին հորդորեց հետևություններ անել: «Ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետրություն արեք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանն ու հեռացավ:
Ն. Փաշինյանը, վարչապետի հեռանալուց հետո հայտարարեց, որ իրենք շարունակելու են պայքարը: Նրա խոսքով՝ այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ս. Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Անդրադառնալով Ս. Սարգսյանի այն դիտարկմանը, որ ինքը Մարտի 1-ից հետևություններ չի արել՝ Ն. Փաշինյանն ասաց, որ այդ Ս.Սարգսյանը հետևություններ չի արել: