«Իշխանությունը երկու ելք ունի». Գելա Վասաձե
168.am-ի զրուցակիցն է վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն 10-րդ օրն է՝ շարունակում է պայքարել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ, հայտարարելով թավշյա հեղափոխության մեկնարկ: Ինչպե ՞ս եք գնահատում Երևանում ստեղծված իրադրությունը:
– Ինքներդ տեսնում եք, թե ինչ դինամիկ կերպով են զարգանում իրադարձությունները: Չնայած այն հանգամանքին, որ բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանց թվաքանակը տարբեր է ներկայացվում, և հաճախ այդ տարբերությունը բավականին էական է, բոլոր փորձագետները համամիտ են մեկ բանում, որ բողոքի դինամիկան աճում է:
Իշխանության կողմից այս պրոտեստին հակազդելու տակտիկան մի շարք հարցեր է առաջացնում: Չէ՞ որ արդեն հասկանալի է, որ բերման ենթարկելով և արգելքներով՝ այս բողոքը չես կանգնեցնի: Դա նույնն է, երբ փորձես կրակը հանգցնել բենզինով: Անարդյունավետ է, և գրգռվածությունն աճում է: Կարծում եմ` առաջիկա մի քանի օրը որոշիչ են լինելու: Իշխանությունները պետք է ելք գտնեն:
– Վարչապետ Սերժ Սարգսյանը կոչ արեց Փաշինյանին երկխոսել, իսկ Փաշինյանն ասաց, որ իշխանությունը պետք է ընդունի իր պահանջներն ու հեռանա. Ի՞նչ պետք է անեն կողմերն այս իրավիճակում:
– Տեսեք, թե ինչ հետաքրքիր է. ժամանակին ՀՀ իշխանություններն ընթացան դասական հետսովետական սցենարով` քաղաքական դաշտի մաքրում և տոտալ վերահսկողություն: Եվ ներկայումս պարզվում է, որ, Փաշինյանից բացի, նրանք ոչ մեկի հետ չեն կարող խոսել: Այսինքն` եթե երկրում գոյություն ունենար ուժեղ ընդդիմություն, և նույնիսկ, ինչն ավելի կարևոր է, քաղաքականությունն արտացոլեր քաղաքական խմբերի իրական շահերը, իսկ այդ խմբերը, իհարկե, գոյություն ունեն, բայց հրապարակային չեն գործում, հնարավոր կլիներ փոխադրել այս բոլոր գործընթացները քաղաքական երկխոսության կոնտեքստ: Ի դեպ, հրապարակային երկխոսություն, որի դեպքում քաղաքացիներն իրենք են գնահատում կողմերի դիրքորոշումները և հետևություններ անում: Ներկայումս սա համարյա թե անհնար է:
Արդյունքում, մենք ունենք տարիներով կուտակված դժգոհություն՝ մի կողմից, ի դեպ, դժգոհություն լիովին արդարացված, մյուս կողմից՝ իշխանությունների անկարողություն՝ գործընթացները զգացմունքներից իրատեսական քննարկումների դաշտ տեղափոխել: Ես չէ, որ պետք է խորհուրդներ տամ, բայց իմ կարծիքով՝ ցանկացած սցենար, բացի ցուցարարների հետ ուղիղ կոմունիկացիաներից, պարտվողական տարբերակ կլինի իշխանության համար:
Ուղիղ կոմունիկացիա ասելով՝ նկատի ունեմ ոչ թե՝ տեսաուղերձ, այլ՝ ուղիղ շփում ժողովրդի հետ: Որքան էլ որ ծանր լինի, իշխանության ներկայացուցիչները պետք է դուրս գան փողոցներ և համոզեն մարդկանց, ապացուցեն սեփական դիրքորոշումների ճշմարտացիությունը, ընդունեն սխալներն ու խոստանան ուղղել դրանք:
Հասկանում եմ, որ սա միամիտ է հնչում, բայց իշխանությունն այլ ելք չունի: Ավելի ճիշտ՝ կա, բայց երկուսն էլ կոպիտ են: Դա կամ հրաժարականն է, կամ ուժի միջոցով հավաքի ցրումը և արտակարգ դրության հայտարարումը: Երկրորդ սցենարը կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ՝ երկրի համար: Բայց սա միայն իմ անձնական կարծիքն է: