Բաժիններ՝

Գյումրիում տեղադրվելու է Քըրք Քըրքորյանի արձանը

Գյումրու Աբովյան փողոցում Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվելու: Գյումրի համայնքի ավագանին հավանության է արժանացրել որոշման այս նախագիծը: Նախքան հարցն ավագանու նիստին քննարկման դնելը Գյումրիում հանրային քննարկում էր տեղի ունեցել:

Գյոմրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով, Գյումրի համայնքի ղեկավարին էր դիմել ԱՄՆ-ում բնակվող Գրիգոր Դպիրյանը՝ առաջարկությամբ, որպեսզի իր հովանավորությամբ Գյումրիում տեղադրվի Քըրք Քըրքորյանի արձանը՝ նկատի ունենալով նրա մեծ վաստակը մեր քաղաքի վերակառուցման գործում: «Հարցը քննարկվել է քաղաքապետարանում, նաև հասարակական լսումներ և քննարկումներ են տեղի ունեցել: Մեր հասարակության կողմից այն ընդունվել է»,- նշել է Գյումրու գլխավոր ճարտարապետը:

Ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, այն քայլող արձան է լինելու, որը բավական լավ միտք է. «Գիտեք, որ ես հասարակության հետ հաշվի եմ նստում: Ճարտարապետների հետ շարունակելու ենք աշխատել: Սա արձան է լինելու, որը մեր քաղաքը չունի»:

Թեմայի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում օգտատերերը, մեծամասամբ՝ մշակույթի և արվեստի ոլորտի անձինք ևս, ակտիվ քննարկում են ծավալել:
Նրանցից Գայանե Պապիկյանը գրել է. «Որպես արվեստաբան, տուրիստական ոլորտի անձ և քաղաքացի, պետք է ասեմ, որ քանդակը նշված վայրում տեղադրելը հեչ նպատակահարմար չէ, քանի որ ընդհանրապես չի համապատասխանում ո´չ իր ծավալատարածական լուծումներով, ո´չ էլ համապատասխանում է միջավայրին և դիտակետերին: Քանդակն անհամապատասխան է նաև կոնտեքստային առումով, քանի որ կապ չունի Քըրքորյանի հետ: Իմ առաջարկն է՝ քանդակը տեղադրել «Լինսի» հիմնադրամի կողմից կառուցված թաղամասերում»:

Աշոտ Ադամյանը գրել է. «Քաղաքի ղեկավարությունը պետք է, ի վերջո, հասկանա, որ արհեստական կերպով չի կարելի անվանափոխություններ անել, առանց հաշվի առնելու ժողովրդի մոտեցումը: Այդ փողոցը պաշտոնապես ինչքան էլ կոչվեց Աբովյան, հիմա էլ Քըրքորյան, մեկ է, ժողովուրդը այն անվանում է Ալեքսանդրովսկի, ուրեմն ճիշտ կլինի արձանը տեղադրել այնպիսի տեղ, որն իրոք կունենա նոր անվանում. իսկ այդ փողոցը թողնել ազատ, որպես ճեմափողոց, որպես Գյումրվա կոլորիտ»:

Լիլիթ Մխիթարյանը գրել է. «Այո´, նպատակահարմար է հենց տեսնել նախկին Լենինի հրապարակում, հայուհու արձանի փոխարեն: Ի վերջո, կարելի է հաշվի առնել քաղաքի մտավորականների , արվեստագետների և հասարակ քաղաքացիների կարծիքը, թե՞ «Էս ծառն իմն է» սկզբունքով են առաջնորդվում»:

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերից Էմմա Բաղդասարյանը գրել է. «Ինչ-որ թյուր կարծիք է ձևավորվել, որ գյումրեցիները, այդ թվում և ես, դեմ են Քըրքորյանի արձանին: Քավ լիցի, անգամ անիմաստ է քննարկել, որ նման բարերար, նման մեծ ավանդ ունեցող մարդն իր արժանի հիշատակումը պետք է ունենա այս քաղաքում: Ես դեմ եմ կոնկրետ Աբովյան փողոցի վրա տեղադրելու գաղափարին, քանի որ համարում եմ այն պարզապես անիմաստ, ինչը խաթարում է փողոցի ճարտարապետական տեսքը և ընդհանրապես գաղափարական առումով ոչ մի կերպ չի ներմուծվում 19-րդդարյան Ալեքսանդրովսկու մեջ: Վստահեցնում եմ, ոչ մի տուրիստի հետաքրքիր չէ՝ ինչ արձաններ կան մեր և ցանկացած քաղաքում, նրանք նկարվում են բոլոր այն արձանների հետ, որոնք զավեշտալի են, յուրօրինակ: Սա՝ որպես անձնական դիտարկում և տարբեր վիճակագրությունների արդյունք:

Առաջարկում եմ Քըրք Քըրքորյանի արձանը տեղադրել Անանիա Շիրակացու արձանի տեղը, ավելի մեծ մասշտաբներով, քան հիմա է նախատեսվում արձանի համար, իսկ Շիրակացու արձանը պարզապես հանել, խիստ ահաջող լինելու պատճառով: Քըրքորյանի արձանն իր արժանի տեղը կունենա, կլինի բանուկ փողոցի վրա, և չի մնա ստվերում՝ ինչի մասին էլ մեծ մտավախություն կար»:

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատիրոջ՝ Մարինե Հովհաննիսյանի խոսքով, թեմատիկ զգացողություն չկա. «Իհարկե, մանրամասն չի երևում, բայց ակնհայտ է, որ քանդակված է հոգնած, ջարդած մարդ, ու այդ «ազգային հերոսի» ոգին չկա։ Բացի այդ, պատվանդանն ու արձանն իրար չեն բռնում. Ֆորմալ պատվանդանի վրա այս հոգնած մարդու ֆիգուրը տեղին չէ։ Բացի այդ, տուրիստներս միշտ շատ հետաքրքրված լսում ենք Ալեքսանդրովկա-Աբովյան փողոցի պատմությունն ու պատմական և քաղաքաշինական կարևորության մասին։ Ես չեմ ուզում խոսել այս ֆիգուրի ու Քըրքորյանի մասին ընդհանրապես»։

Լրագրող Արշակ Ադամյանի խոսքով, այս փողոցի տեսքն այնքան կատարյալ է, որ պետք չէ արձանով կամ մեկ այլ բանով աղարտել. «Առանց արձանի այնտեղ ամեն ինչ ներդաշնակ է, ինչպես քաղաքի այդ հատվածի համարյա բոլոր փողոցները: Կառաջարկեի բարեկարգել ու արձաններով հարստացնել Գյումրու կենտրոնից հեռու գտնվող թաղամասերը՝ Անի, Մուշ, Բուլվարային ու մյուսները»:

Արաքս Մարգարյանն առաջարկում է «Լինսի» հիմնադրամով կառուցված շենքերի տարածքում կազմակերպել մի փոքրիկ, գեղեցիկ պուրակ, որը կզարդարի Քըրք Քըրքորյանի արձանը. «Գյումրիում ավանդույթ է դարձել բոլոր քանդակները տեղադրել Թատերական հրապարակից մինչև Վարդանանց հրապարակ ընկած հատվածում: Կապ չունի, թե ում քանդակն է ու որքանով է կապված տարածքի հետ: Ես չեմ հասկանում ղեկավարության այն հիմնավորումը, թե՝ եթե բարերար է, անպայման արձանը պետք է դրված լինի քաղաքի կենտրոնում:

Ինչ է, եթե մյուս մեծ բարերար Մանթաշովի արձանը Երևանի Աբովյան փողոցի վրա է, ուրեմն երևանցիները պակա՞ս են գնահատում բարերարին: Ես առաջարկում եմ «Լինսի» հիմնադրամով կառուցված շենքերի տարածքում կազմակերպել մի փոքրիկ, գեղեցիկ պուրակ, որը կզարդարի Քըրք Քըրքորյանի արձանը: Մյուս տարբերակն էլ՝ Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքում գտնվող ամայի տարածքը վերածել հանգստյան գոտու, որը նվիրված կլինի բոլոր հայ և օտարազգի բարերարներին, ովքեր երբևէ ներդրում են արել Գյումրիում»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս