«Վերջին տարիների շարժումների հետ համեմատած՝ սա յուրահատուկ շարժում է նրանով, որ ավելի շատ փողոցներում է ձևավորվում, քան՝ օն-լայն հարթակում». Մեդիափորձագետ
«Այս շարժումը յուրահատուկ է նրանով, որ սկզբից փաստացի սոցցանցերը չէին էլ կիրառվում, այսինքն՝ ինքը լրիվ օֆ-լայն մոբիլիզացման վրա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի դուրս եկած «Իմ քայլը» նախաձեռնության կողմից օն-լայն հարթակում տարվող գործողությունների մասին:
Մեդիափորձագետի տպավորությամբ՝ շարժման սկզբնական փուլում սոցցանցային ազդեցություն թողնում էին հիմնականում լրագրողները, որոնք տեղից ռեպորտաժներ, ուղիղ եթերներ էին տալիս. «Սոցցանցերի ներգրավումը սկսվեց ավելի ուշ, օրինակ, մեմերի, հեշթեգերի ձևավորումը, և այլն: Այդ տեսանկյունից վերջին տարիների շարժումների հետ համեմատած՝ սա յուրահատուկ շարժում է նրանով, որ ավելի շատ փողոցներում է ձևավորվում: Տարբերությունը նախորդ շարժումներից, կարծում եմ՝ նրանում է, որ մեծ դեր ունեն ուղիղ եթերները, որոնք անում են օգտատերերը՝ հիմնականում Ֆեյսբուքի և Ինստագրամի միջոցով: Քանակն իսկապես շատ մեծ է, ու այն նույնիսկ սկսում է ծանրաբեռնել ինտերնետ կապն այդ լոկալ տիրույթներում, որտեղ ցուցարարներն են գտնվում: Յուրահատկություններից մեկը երևի նաև այն է, որ Թվիթերը շատ ակտիվ է: Չնայած «Էլեկտրիկ-Երևանի» ժամանակ էլ էր այդպես, բայց հիմա շատ ավելի ակտիվ է: Ինչպես նաև Ինստագրամն է դառնում լուրջ հարթակ, մեզ մոտ միշտ Ֆեյսբուքն է եղել, բայց հիմա նաև՝ Ինստագրամը, ինչպես նաև՝ Տելեգրամը, որը լրիվ նոր բան է»:
Հարցին՝ արդյոք ամբողջությամբ սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործվո՞ւմ են շարժման առաջնորդների կողմից՝ մարդկանց մոբիլիզացնելու և իրենց ասելիքը հասցնելու առումով, Ս. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ինձ թվում է՝ կազմակերպիչների կողմից նման խնդիր չի դրվել, ինքն ավելի շուտ ինքնաբուխ է արվում, դրա համար գնահատական չէի էլ տա՝ ամբողջությա՞մբ է օգտագործվում, թե՞ ոչ, բայց օգտագործումը շատ բազմակողմանի է»:
Մենք նաև մեդիափորձագետից հետաքրքրվեցինք՝ այն, որ Նիկոլ Փաշինյանն իր քայլարշավը սկսելու առաջին օրվանից իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերների միջոցով մարդկանց իրազեկում էր իրենց ամեն քայլի մասին, ի՞նչ ազդեցություն ունեցավ մարդկանց համախմբելու գործընթացի վրա:
Ի պատասխան՝ Ս. Մարտիրոսյանն ասաց. «Նիկոլն այս ոճը դեռ ընտրություններից է ընտրել, ու կարծում եմ՝ բավականին ազդեցիկ է: Դրան զուգահեռ՝ նա նաև Ֆեյսբուքում օգտագործում է վճարովի գովազդ՝ թիրախավորված: Այդ երկուսը բավականին ազդեցիկ են, որովհետև գովազդը և ուղիղ եթերներն այսօրվա դրությամբ Ֆեյսբուքի միակ գործիքներն են, որոնք թույլ են տալիս հնարավորինս շրջանցել Ֆեյսբուքի ալգորիթմիկ գործողությունը, որը սահմանափակում է էջերի դիտումները: Այնպես որ, այդ տեսանկյունից աշխատող բան է»:
Հարցին՝ այս օրերին սոցիալական ցանցերում ատելության և բռնության խոսքն ինչքանո՞վ է տարածվում՝ հաշվի առնելով, որ փողոցներում, ամեն դեպքում, կազմակերպիչներն անընդհատ խոսում են այն մասին, որ իրենց հավաքը խաղաղ է, բռնություն չի ենթադրում, և, որ ոստիկաններն իրենց ընկերներն են՝ մեդիափորձագետն այսպես պատասխանեց.
«Սոցցանցերը միշտ էլ եղել են ատելության խոսքի ամենապարարտ հողը: Հիմնականում այդ ատելության խոսքը տարածվում է ավելի շուտ այն մարդկանց կողմից, որոնք Հայաստանում չեն, չունեն հնարավորություն մտնելու շարժման մեջ, և էմոցիոնալ վիճակն այնքան է խեղդում շատերին, որ անցնում են ինչ-որ սահմաններ: Ես կասեի՝ զուտ Հայաստանում ապրող և ներգրավված երկու թևերն էլ քիչ թե շատ կոռեկտ են՝ հաշվի առնելով, որ իրավիճակը բավականին սուր է»: