«2-3 տարի առաջ դժվար էր կանխատեսել, որ ինձ կառաջարկեն վարչապետ դառնալ». Սերժ Սարգսյան. «Շանթ»

Արդյո՞ք հասարակական բողոքի պատճառն այն չէ, որ մարդիկ կարծում են, թե Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը փաստացի շարունակի ղեկավարել երկիրը։ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանն այսպիսի հարց է ուղղել վարչապետին։

«Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որևէ անձնական նկատառում չկար սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս։ Եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցներն էլ շատ դժկամությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին։ Բայց դուք տեսաք, բոլորը ականատես եղան, թե բոլոր կառույցները՝ Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով դուրս եկած, որքան դրականորեն վերաբերվեցին այս փոփոխություններին»,– նշել է վարչապետ Սարգսյանը։

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այս փոփոխությունները եղել են Հայաստանի զարգացմանը համընթաց։ Պետության կազմավորման սկզբնական շրջանում անհրաժեշտ էր նախագահական համակարգ՝ մարդիկ ավելի շատ վախենում էին քաոսից, քան նախագահին տրված լիազորություններից։ Ժամանակ անց եղան այլ փոփոխություններ, որոնք նույնպես չհավասարակշռեցին իշխանության թևերը։ Իսկ արդեն այս փոփոխություններով իշխանության թևերը լիարժեք բաժանվեցին, և նախագահին վերապահվեց Սահմանադրության պահապանի դերը։

«Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, և այդ քաղաքական ուժը ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ, և, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»,– նշել է վարչապետը։

Սարգսյանի խոսքերով՝ 1990-ականներից բոլոր քաղաքական ուժերը դա էին պահանջում, որ երկիրն անցնի խորհրդարանական կառավարման մոդելի։

Տեսանյութեր

Լրահոս