
Կառավարության նիստում քննարկվել է նաև հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաների հարցը

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ կառավարության նիստում քննարկվել է, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ ինչ է խոսվել:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ, երբ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց, միանգամից եկավ, օրակարգը հստակեցրեց: Լրագրողը հետաքրքրվեց՝ հիմա, երբ Սերժ Սարգսյանն է վարչապետ, դրայվի պակաս կա՞: Ի պատասխան՝ Ս. Կարայանն ասաց, որ՝ ոչ, չկա:
Հարցին՝ վարչապետն ակտիվ դիտողություններ անո՞ւմ է, Ս. Կարայանն այսպես պատասխանեց. «Իհարկե, Սերժ Սարգսյանը մինչև վարչապետ նշանակվելը նաև ՀՀ նախագահն է եղել և համարվում էր նաև գործադիր մարմնի ղեկավարը: Մենք մինչ այդ էլ ենք աշխատել նույն տեմպով, ու հուսով եմ, որ շարունակելու ենք նույն տեմպով»:
Նախարարը նշեց, որ կառավարության նիստում Ս. Սարգսյանը խոսել է առնվազն 5 տոկոս կամ ավելի տնտեսական աճի մասին: ՀՀ ընտեսական աճը, նախարարի փոխանցմամբ, պետք է ավելի բարձր լինի՝ քան Համաշխարհային տնտեսության աճը: