ՀՅԴ-ն այս իրավիճակից դուրս գալու տարբերակ է առաջարկում
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը
Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են:
Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե Հայաստանի քաղաքացին, թե երկիրը:
Այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: Ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս:
Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
19.04.2018թ.