«Կարևոր է, որ Հայաստանում սկսված գործընթացն ավարտվի խաղաղ, առանց բռնության և երկխոսության միջոցով». Եվրոպացի պատգամավոր

«Կարևոր է, որպեսզի ապահովվի հասարակության ազատ արտահայտվելու և բողոք հայտնելու իրավունքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի անգլիացի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով Երևանում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ:

Չարլզ Թեննոքը ողջունում է, որ սահմանադրական բարեփոխումների ներդրումը Հայաստանում տեղի ունեցավ հարթ, թեև Հայաստանում ծավալվում են հանրային բողոքի միջոցառումներ: Նրա գնահատմամբ, դրանք ևս ժողովրդավարական գործընթացներ են:

«Հուսով ենք, որ սահմանադրական բարեփոխումներին զուգահեռ՝ Հայաստանը կսկսի բարեփոխումները, որոնք ստանձնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որի իրագործման մեկնարկը կտրվի ամռանը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ցանկացած ժողովրդավարական երկրում քաղաքացիները, կուսակցությունները և բոլոր տեսակի հասարակական խմբերն իրավունք ունեն իրացնել իրենց ազատ արտահայտվելու, խաղաղ պայքարելու սահմանադրական իրավունքը, որը չպետք է խոչընդոտվի իշխանությունների կողմից:

«Եթե չեմ սխալվում՝ ԵՄ-ն արդեն հայտարարություն տարածել է Հայաստանում ծավալվող բողոքի միջոցառումների վերաբերյալ: Ես միանում եմ այդ հայտարարությանը: Կարևոր է, որպեսզի ապահովվի հասարակության ազատ արտահայտվելու, այդ թվում՝ բողոք հայտնելու իրավունքը: Ակնհայտ է, որ ԵՄ-ն չի արձանագրում որևէ ագրեսիա, բռնի գործողություն ցուցարարների կողմից, այլապես կդատապարտեր տեղի ունեցող իրադարձությունները կամ հայտարարություն չէր տարածի, քանի դեռ քաղաքացիներն իրենց խաղաղ միջոցառումներն են իրականացնում, ուժային մարմինները զուսպ կեցվածք պետք է դրսևորեն, նույնը վերաբերում է նաև ցուցարարներին:

Ընդհանուր առմամբ, սա ողջունելի, ժողովրդավարական երկրին բնորոշ գործընթաց է, քանի դեռ դուրս չի եղել խաղաղ ցույցերի սահմաններից, վերածվելով բախումների: Վարչապետի ընտրությունից հետո ցանկացած բռնություն կլինի իշխանության դեմ իր անկանխատեսելի հետևանքներով»,- ասաց Թեննոքը:

Թեննոքի խոսքով,  ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր իշխանություններին ազատ և արդար ընտրությունների միջոցով: Ըստ նրա, եթե ընտրությունները կեղծվում են, քաղաքական պայքարն ինստիտուտներում անհնար է դառնում, սկսվում է փողոցային պայքարը, որի իրավունքը հասարակությունը ևս ունի:

«Ես չեմ կարող ասել, թե ինչով կավարտվի այս գործընթացը: Կարևոր է, որ այն ավարտվի խաղաղ, առանց բռնության, և երկխոսության, զիջումների միջոցով»,- ասաց ԵԽ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս