Ֆրանսիացուն երրորդ դեմքն են փոխպատվաստել
Աշխարհում միակ մարդը, որին դեմքի երկու փոխպատվաստում են կատարել, հավատում Է, որ շուտով ապաքինվելու է։
Ֆրանսիայի բնակիչ Ժերոմ Ամոնը տառապում էր առաջին տիպի նեյրոֆիբրոմատոզով՝ գենետիկական հիվանդությամբ, որը հանգեցրել էր դեմքին ուռուցքների զարգացման: 2010 թվականին նրան փոխպատվաստել են դոնորի դեմք, այդ թվում՝ կոպերն ու արցունքածորանները: Վիրաբույժ Լորեն Լանտիերիի պնդմամբ, որը կատարել է վիրահատությունը, դեմքի այդքան մասեր առաջին անգամ էին ենթակա փոխպատվաստման:
2015 թվականին Ամոնը մրսել է եւ ընդունել հակաբիոտիկ, որն անհամատեղելի է եղել իմունոդեպրեսանտների հետ, որոնք կանխում են փոխպատվաստի օտարումը: Սկսվել է պատվաստված հյուսվածքների նեկրոզ, եւ 2017 թվականի նոյեմբերին ստիպված էին դեմքը հեռացնել:
Նոր դոնորի որոնումները ձգձգվել են երկու ամիս: Այդ ամբողջ ժամանակ Ամոնը զրկված էր տեսողությունից, լսողությունից եւ խոսելու կարողությունից: Նրան նոր դեմք են փոխպատվաստել 2018 թվականի հունվարին: Վիրահատությունը կրկին կատարել է Լորեն Լանտիերին: Թեեւ արդեն երեք ամիս է անցել, Ամոնը նախկինի պես չի կարողանում շարժել շրթունքները, իսկ փոխպատվաստված դեմքի մաշկը եւ դիմագծերը լիովին չեն համապատասխանում նրա գանգին: Չնայած դրան, նա չի կասկածում իր ապաքինվելուն: