
ԱԺ-ում տեղադրված պայթուցիկ նյութի մասին կեղծ ահազանգ է ստացվել Գերմանիայից. ԱԱԾ

Այսօր՝ ժամը 12:36-ին ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ` «Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»: Այս մասին հայտնում է ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):
Հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ.-ի կողմից:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված անձի վերաբերյալ պարզված տվյալները փոխանցվել են ոստիկանություն` նշված անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև փաստի մասին ԳԴՀ իրավապահ մարմիններին իրազեկելու նպատակով: