«Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով` կիսատ». Գևորգ Գորգիսյան
Առաջնորդը պետք է գլխավորի ընտրական ցուցակը, ցույց տալու, թե ուր է գնալու երկիրը, բայց ՀՀԿ-ի դեպքում առաջնորդը թաքնվել էր ուրիշների թիկունքում: Նման հայտարարություն այսօր ԱԺ հատուկ նիստում արեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Ըստ նրա` Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում քաղաքական իշխանությունն այդպես էլ չհասկացավ՝ ինչ է նշանակում՝ քաղաքական պատասխանատվություն. «Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով` կիսատ: Ձեր խոստացած բոլոր նախագծերը մնացել են կիսատ: Դուք մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու և ծառացած բոլոր խնդիրների համար: Դուք մեղավոր ենք, որ ՀՀ-ում ամեն երրորդ մարդ աղքատ է, ամեն հինգերորդը` գործազուրկ, և բոլորը պարտք են բանկերին:
Դուք մեղավոր եք, որ դեռևս կա աղետի գոտի, որ հասարակությունում կա ծայրաստիճան բևեռացում և անարդարության զգացում, մեղավոր եք, որ պոչամբարներից ամեն օր աղտոտվող ջրի, օդի ու ընդերքի պատճառով օր օրի ավելանում է բազմաթիվ հիվանդություններով ծնվող քաղաքացիների թիվը, մեղավոր եք, որ ՀՀ-ում քաղաքացիներն ունեն 7 մլրդ դոլար պարտք, մեղավոր եք, որ ՀՀ քաղաքացիները, Հայաստանի հետ չկապելով իրենց ապագան, լքում են Հայաստանը: Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանը լքել է 372800 քաղաքացի»:
Գ.Գորգիսյանը Ս.Սարգսյանին մեղադրեց նաև քաղաքական սերնդափոխության բացակայության, արտասահմանից քաղաքական գործիչներ ներմուծելու համար, Հայաստանը հետընթաց ապրեց ինքնիշխանության ոլորտում և մի գիշերում մտավ ԵԱՏՄ:
«Մենք միշտ լինելու ենք այստեղ, մենք միշտ ներկայացնելու ենք մեր տարբերվող մոտեցումները, մեր ամենօրյա աշխատանքով միշտ լինելու ենք հակակշիռ ու փոխզսպում ձեզ, և մենք ամենօրյա աշխատանքով օրեցօր մոտեցնելու ենք այն օրը, որ ձեր անսասան թվացող համակարգը գա իր անխուսափելի վախճանին, և միայն այդպես է հնարավոր լինելու կերտել մեր երազանքների Հայաստանը»,- խոստացավ Գ.Գորգիսյանը: