«Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու». Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննարկում են Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հանրապետության կառավարման ղեկը հանձնելու հարցը, որովհետև Սարգսյանն արդեն երկու անգամ եղել է այդ ղեկին:
Է.Մարուքյանը նկատեց, որ, թեև ինքը շատ է քննադատել սահմանադրական բարեփոխումները, սակայն դրանք մի լավ կետ ունեն` վերջապես 6 տարվա մեջ առաջին անգամ ԱԺ-ում է Սերժ Սարգսյանը, և կարելի է նրան հարցեր տալ, ելույթներ ունենալ. «Մենք այնպիսի կառավարման համակարգ ունենք Հայաստանում, որ ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ: Անգլերենից թարգմանելիս դա նշանակում է՝ կեղծ: Հիմա մենք կարող ենք թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա, ինչ տեղի է ունենում: Որովհետև այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, պարոն Սարգսյան, որ ում ինչ ասում ենք, ասում է` ես կապ չունեմ, և ձեր նկարն է ցույց տալիս, ասում` իրեն ասեք: Էս ա էս երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք ռեֆորմների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ էլ բարեփոխում չանեք, որովհետև ինչքան բարեփոխում եք արել, էնքան Հայաստանը ռեգրես է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել, դուրս ա եկել վատ բան: Լավ բան չի ստացվում: Վերջին անգամ դուք «Հայլուր» հաղորդումը ե՞րբ եք նայել, էդ հաղորդումը ձեզ դուր ա գալի՞ս, պարոն Սարգսյան»:
Է.Մարուքյանի խոսքով` առողջապահության նախարարը մտածում է, թե ինչ անի, որ մարդկանց համար անհարմար լինի, տրանսպորտի նախարարը մտածում է, թե թիվ մեկ խնդիրն աջ ղեկն է. «Որտեղի՞ց եք դուք գտնում էդ մարդկանց: Ես ուղղակի ապշած եմ, թե ո՞նց կարելի ա հավաքել էսքան մարդիկ, որոնք չգիտեմ ինչով են զբաղված, բայց ոչ մի բանով, որ հուզում է Հայաստանի շարքային քաղաքացուն»:
Է.Մարուքյանը հայտարարեց, որ խնդիրն այն է, որ բոլորը գիտեն, որ Ս.Սարգսյանը ոչ մի բան չի փոխելու, շարունակելու է պահպանել այս համակարգն ու այդ մարդկանց, իսկ միակ տուժող մարդը Գալուստ Գրիգորիչն է: Նա նշեց, որ մարդիկ գիտեն, որ Ս.Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո արտգործնախարար է նշանակելու Է.Նալբանդյանին, մի մարդու, որը երկրի արտաքին քաղաքականությունը ձախողել է: Է.Մարուքյանը խոսեց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին, որ արդեն 10 տարի կառուցվում է, բայց միայն 30 կմ է կառուցվել, այն էլ բարվոք հատվածից է սկսվել շինարարությունը, իսկ տրանսպորտի նախարարն իր համար տվել է կառուցել. «Վարկը չկա, տները կան, սաղ հարուստ են ու երջանիկ, ճանապարհը չկա: Սենց պարզ հարցեր կան, ու պետք չի բարդ թվերից խոսել»:
Է.Մարուքյանի խոսքով` խորհրդարանում ոչ մի հարց չի լուծվում, բոլորը նայում են Սերժ Սարգսյանի նկարին. «Սա փակուղի է, պարոն Սարգսյան, և մենք եկել ենք ձեզ ասենք, որ մենք դեմ ենք ձեր պաշտոնավարման երրորդ ժամկետին: Մենք եկել ենք էստեղ առաջին անգամ օգտվելու էդ հնարավորությունից՝ ձեզ ասելու, թե ինչ ա երկրում կատարվում: Իմ տպավորութամբ` կա երկու աշխարհ, կա ձեր աշխարհը, և կա աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք՝ ինչ ա տեղի ունենում: Ձեր աշխարհում դուք ձեզ շրջապատել եք մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում՝ ինչ ա կատարվում»:
Է.Մարուքյանի կարծիքով` Հայաստանը հայտնվել է ճահիճում, դատավորները, քաղաքապետները մեկը մեկից «բեթար» են:
Անդրադառնալով Ս.Սարգսյանի կենսագրությանը` պատգամավորը նշեց, որ նա «ամագ» ունի, բայց պետք է լույս սփռել, որ այսօրվանից սկսվում է ուրիշ Սերժ Սարգսյանի կենսագրություն, որովհետև նախկինը նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունն էր, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը չի ունենալու քավության նոխազ: Նա նշեց, որ այս պահին հազարավոր մարդիկ փողոցում են, իսկ ժամեր անց Սարգսյանը կդառնա ՀՀ վարչապետ նոր Սահմանադրությամբ, որով ոստիկանությունն ուղիղ ենթարկվում է վարչապետին. «Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու: Պետք է ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք ուրիշ աշխարհից չենք, մենք իրական աշխարհից ենք»:
«Պարո՛ն Սարգսյան, բարի գալուստ լուսավոր Հայաստան: Դուք գալու եք էստեղ, ու մենք էդ հարցերը տալու ենք»,- ասաց Է. Մարուքյանը: