«Մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016թ. ապրիլը». Սերժ Սարգսյան
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն անդրադարձավ Ադրբեջանի սպառնալիքներին` Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին, և նշեց, որ ապրիլյան պատերազմն էլ հենց այդ նպատակով էր սանձազերծել: Նա վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց, թե Ադրբեջանն իր նպատակների ո՞ր մասին կարողացավ հասնել, և ի՞նչ եզրահանգումներ կատարեց մեր կառավարությունը, ու որո՞նք են ապրիլյան պատերազմի դասերը:
Ս.Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր, քանի որ մարդիկ հույս են փայփայում, որ հակառակորդը կառաջնորդվի տրմաբանությամբ և չի գնա քայլերի, որ վնասակար են երկու կողմի համար էլ: Ըստ նրա` առաջին դասն այն է, որ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները և ցանկությունը` ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը: Թե ինչքա՞ն հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանն իրականացնել իր ծրագրերը, Ս.Սարգսյանի կարծիքով, այդ մասին խոսում է այսօր շփման գծի պատկերը: Նա նշեց, որ հաջորդ դասն է, որ մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք մեր ԶՈՒ-ին, սպառազինությունների ձեռքբերմանը և սեփական սպառազինության արտադրությանը:
«Բոլորդ վկան եք եղել այն բարեփոխումների, որ իրականացվում են մեր Զինված ուժերում»,- ասաց Ս.Սարգսյանը` հավելելով, որ «մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև 2016թ. ապրիլը»: