«Քիչ հավանական է, որ փողոցներ փակելու միջոցով հնարավոր լինի ստիպել մարդկանց փոխել իրենց ներքին գաղափարախոսությունը». Դենիս Դվորնիկով

«Վստահ չեմ, որ այս ակցիաները քաղաքական փոփոխությունների  կամ որոշումների փոփոխության են հանգեցնելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հրապարակախոս, քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը, անդրադառնալով Երևանի արգելափակման «Իմ քայլը» նախաձեռնության գործողությանը, որն ուղղված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` հնարավոր վարչապետության դեմ:

Դենիս Դվորնիկովն ասաց, որ մի կողմից՝ ցանկացած բողոքի ակցիա  ժողովրդավարական հասարակության բաղկացույցիչ մասն է, դա այն է, ինչին պետք է համակերպվել: Նրա գնահատմամբ, այնքան էլ վատ չէ, որ մարդիկ հնարավորություն ունեն  արտահայտել իրենց դժգոհությունը, դիրքորոշումը բողոքի ակցիայի միջոցով: «Բայց ես ականատեսն եմ այն ամենին, ինչը կատարվում է: Ակցիաներից մեկը ծավալվում է  այն հյուրանոցի  մոտ, որտեղ այս օրերին ես եմ, փակվել է  Կոնյակի գործարանի  դիմաց գտնվող կամուրջը: Այս ամենին  մասնակցում է մոտավորապես 600-700 մարդ, որոնք շարժվում են քաղաքով և  փակում կարևոր պողոտաները: Բայց, անկեղծ ասած, տեսնելով վարորդների արձագանքները, որոնք ստիպված էին երկրորդ գծից շրջվել կամ կանգնել խցանումներում, կարող եմ ասել, որ սա կարող է հարուցել  քաղաքացիների դժգոհությունը»,- ասաց Դվորնիկովը:

Ռուս հրապարակախոսը վստահ չէ, որ այս ակցիաները քաղաքական փոփոխությունների  կամ որոշումների փոփոխության են հանգեցնելու: Ավելին, ըստ Դվորնիկովի,  այսկերպ հնարավոր չէ աջակիցներ  «քարշ տալ» մի գաղափարախոսությունից դեպի մյուսը: Նրա խոսքով, սա սեփական գոյության ցուցադրում է, դեմոնստրացիա, որ նման դիրքորոշում կա: «Բայց այն անձինք, ովքեր իրենց համոզմունքներն ունեն, շարունակելու են ունենալ նույն այդ համոզմունքները: Քիչ հավանական է, որ փողոցներ փակելու միջոցով հնարավոր լինի ստիպել մարդկանց  փոխել իրենց ներքին գաղափարախոսությունը:

Բայց ցանկանում եմ ընդգծել, որ  այս ամենին պետք է վերաբերվել համբերատար կերպով, ըմբռնումով,  գիտակցաբար, քանի որ ավելի վատ է, երբ մարդիկ չունեն հնարավորություն իրենց դժգոհությունն արտահայտելու համար, երբ մարդիկ ստիպված են կուտակել այդ ամենը իրենց ներսում, և այդ ժամանակ իսկապես դա կարող է հանգեցնել  լուրջ սոցիալական բռնկման:  Հաճելի է տեսնել, որ  Հայաստանը հանձնառու է իր պատմական  ժողովրդավարական  ուղուն: Դա ճիշտ է: Ականատեսն եմ, որ իրենց բավականին կոռեկտ են դրսևորում  իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նրանք  հետևում են հասարակական կարգին, բայց չեն ճնշում բողոքի ակցիա իրականացնողներին»,- նման կարծիք հայտնեց Դվորնիկովը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս