«Այսօր կամքի արտահայտման ոչ իրավաչափ գործողություն ես դեռ չեմ տեսնում». Անդրանիկ Քոչարյան
2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը միացել է Սերժ Սարգսյանի ղեկավարության երրորդ ժամկետի դեմ ծավալված շարժմանը: Այսօր նա եկել էր Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու փողոցների փակման գործընթացին:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նորմալ է գնահատում վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները: Նա ակնկալում է, որ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել: Հարցին՝ տեսնո՞ւմ եք դրա շանսերը, Ա. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Ես տեսնում եմ: Այսքան երիտասարդությունը եթե այսօր ոտքի վրա է, վաղն իրենք իրենց ապագան կստեղծեն»:
Ա. Քոչարյանի գնահատմամբ՝ պայքարի այն մեթոդները, որոնք ընտրվել են շարժման ղեկավարների կողմից, շատ խաղաղ են. «Այսօր արդեն արդյունավետությունը երևում է»: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե մարդկանց այն քանակը, որ ոտքի է ելել, բավարա՞ր է իշխանափոխություն իրականացնելու համար:
Ի պատասխան՝ Ա. Քոչարյանն ասաց, որ այստեղ իշխանափոխության խնդիրը չէ, այլ՝ համակարգային փոփոխությունների. «Որպես առաջին քայլ՝ իրականացնում են Սերժ Սարգսյանի ցանկությունները, որն ինքը 2014 թվականին ասաց, որ մեկ անձը չի կարող 3 անգամ ղեկավարել երկիրը: Ինքն այն ժամանակ ճիշտ էր, հիմա պարզապես քայլ առ քայլ մենք փորձում ենք վերականգնել սահմանադրական կարգը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են շրջափակել Ազգային ժողովի շենքը և թույլ չտալ պատգամավորներին գնալ և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:
Հարցին՝ ինչքանո՞վ դա իրավաչափ կլինի, Ա. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ նույն պատգամավորների ընտրողները փողոցում են, և իրենք իրենց պատգամը պետք է հաղորդեն պատգամավորներին՝ այն է, որ իրականացնեն փողոցում եղած քաղաքացու առաջարկները: Այդտեղ իրավաչափության խնդիր չկա, ամեն ինչ անցնում է խաղաղ, և պատգամավորները պարտավոր են գոնե իրենց ընտրողների ձայնը հասցնեն Ազգային ժողով: Իհարկե, դա այդպես չի լինելու, նրանք փորձելու են ինչ-ինչ ճանապարհներով ոստիկանական ուժերի աջակցությամբ շրջանցել ազգաբնակչության փողոցում լինելը, բայց դա լավ բանի չի կարող բերել»:
Մեր դիտարկմանը, թե ենթադրվում է, որ իրավապահ մարմինները կփորձեն միջամտել, որպեսզի բացեն շրջափակումը՝ Ա. Քոչարյանն ասաց, որ այս պահին իրավապահ մարմինները կատարում են իրենց գործառույթը, և՝ բավականին լավ, հանգիստ, առանց որևէ լարվածություն առաջացնելու. «Տա Աստված, որ այդպես էլ հանգուցալուծվի ամեն ինչ՝ առանց որևէ լարվածություն առաջացնելու»:
Խոսելով ակցիայի մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքեր ներխուժելու մասին՝ Ա. Քոչարյանն ասաց. «Լավ կլիներ՝ Երևանի պետական համալսարանի մասով դիմեին ռեկտորին, թե ինչու էր ինքը փախել և մտել իր սենյակը և անվտանգության աշխատողներին հրահանգել, որ դռները փակեն: Ամենախայտառակ պատմությունը սկսվել է այնտեղ, որ ռեկտորն ինքը չի տիրապետում, թե բուհն ինչ է, և ուսանողների հետ ինչպես պետք է վարվել: Հանրային ռադիոյի շենքի հետ կապված՝ պարզապես ակցիայի մասնակիցները ցանկացան իրենց ասելիքն արագ հասնել հանրությանը, և գուցե ինչ-որ տեղ մի փոքր լարվածություն առաջացավ, բայց այդ լարվածությունը հաղթահարված է, չնայած իշխանությունները կփորձեն դա քրեական հոդվածի շրջանակներում ինչ-որ ձև ցույց տան, որ մերժում են նման երևույթները»:
Մեր ճշտող հարցին՝ ձեր գնահատմամբ՝ ակցիայի մասնակիցների քայլերն իրավաչա՞փ էին, Ա. Քոչարյանը պատասխանեց, որ իրավաչափությունը գնահատվում է արդյունքներով. «Այսօր կամքի արտահայտման ոչ իրավաչափ գործողություն ես դեռ չեմ տեսնում»: