Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները ապրիլի 17-ի և 24-ին կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ։
Ինչպես տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON), ապրիլի 17-ին ցույց է կազմակերպվելու Հաագայի Plein հրապարակում՝ Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և ընդդեմ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հարց» անվանելու։ Հոլանդիայի կառավարությանը ներկայացվելու է հանրագիր, նախատեսված են հոլանդացի պատգամավորների և այլոց ելույթներ, բողոքի քայլարշավ Plein հրապարակից մինչև Malieveld դաշտը` թուրքական դեսպանատան դիմաց։
Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը գտնվող Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որի շրջանակում ծաղկեպսակներ են տեղադրվելու Մեծ Եղեռնի հուշարձանին, գերեզմանատան սրահում կայանելու է օրվա խորհրդին նվիրված հանդիպում, որի շրջանակում կհնչեն ճառեր և գեղարվեստական ելույթներ։