Բաժիններ՝

Ստեփանակերտում Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի անմիջական մասնակցությամբ Արցախի մայրաքաղաքում Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված ընթերցումներ են անցկացվել «Քաղաքակրթությունը և մարդը» խորագրով: Գաղափարի հեղինակը ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովն է եղել: «Իմ պատկերացմամբ՝ այս նախագիծը կնպաստի, որպեսզի Արցախում ստեղծվի փիլիսոփայության, քաղաքագիտության, պատմության հարցերով բովանդակալից քննարկումների հարթակ՝ միավորելով տարբեր երկրների ուսանողների և գիտնականների: Այստեղ օդը հագեցած է, և դու զգում ես տարբեր ժողովուրդների փիլիսոփայությունն ու աշխարհայացքը: Էներգետիկական տեսանկյունից շատ ճիշտ կլինի, որ այստեղ զարգանա փիլիսոփայական միտքն ու դպրոցը»,- ասել է Դվորնիկովը:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ Պավել Ֆլորենսկին եղել է նորարար, ում կարելի է անվանել 20-րդ դարի Դա Վինչի: «Ռուս ժողովուրդը կարող է հպարտանալ նրանով, ինչպես նաև մենք, քանի որ նրա մայրը ծնվել է Գանձակում՝ Հյուսիսային Արցախում: Մի ասացվածք կա՝ «ինչին ձեռք ես տալիս կանաչում է»: Հենց այդպիսինն է Պավել Ֆլորենսկին՝ զարմանալի տաղանդով օժտված մարդ բոլոր բնագավառներում»,- ասել է Պարգև Սրբազանը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում: «Սա նոր ու հետաքրքիր նախաձեռնություն է, որը կոչված է համախմբել աշխարհի տարբեր անկյուններում ապրող ուսանողներին և երիտասարդ գիտնականներին: Շատ կարևոր է չկորցնել համագործակցության կապերը, միմյանց լսելու և հասկանալու կարողությունը», – ասել է նախարարը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ նախաձեռնողները որպես միջոցառման անցկացման վայր են ընտրել Արցախը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս