
Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել Սիրիայի դեմ հարձակումների ժամանակ

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքը հրթիռակոծելու ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել: Այս մասին Բոզդաղը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Սիրիայում օբյեկտների վրա ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումից առաջ նախագահներ Էրդողանի և Թրամփի հանձնարարականներով զրուցել են ԱՄՆ և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը: Թուրքիան հարձակումից առաջ տեղեկացվել է այդ մասին: Հարձակման ժամանակ Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել»,- գրել է փոխվարչապետը:
Բոզդաղը հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ: