Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ սկսեցին Սիրիայի դեմ. սիրիական կողմում կորուստներ չկան

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հարվածների հետևանքով սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է սիրիական բանակի հրամանատարության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Սիրիական տարածքի վրա իրականացված հարվածներից կորուստը սահմանափակվում է միայն նյութական վնասներով»,- ասվում է հայտարարության մեջ:


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսից արևելք գտնվող Դումեյր օդանավակայանի վրա 12 հրթիռ է արձակվել, որոնք բոլորն էլ կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով:

Հայտնի է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Դամասկոսում իր նստավայր:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածների հասցնումը համաչափ է անվանել: Դանիան ևս հայտարարել է, որ սատարում է իր գործընկերների գործողություններին: Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը նշել է, որ քիմիական զենքի կիրառումը պետք է իր հետևանքներն ունենա:

Թուրքիայի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ բավարարված են ԱՄՆ և նրա դաշնակիցների գործողություններով:

Գործողություններին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Չեխիան, Նոր Զելանդիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս