Ընդդիմության համարձակ քայլը. ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ եթե կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ֆորմալ առումով ամեն ինչ լիովին ճիշտ է, սակայն եթե անգամ «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկի ՀՀԿ թեկնածուին, դա ամենևին դեռ չի նշանակելու ընդդիմության կնիք:
Ընդ որում, այստեղ իհարկե խնդիրը միայն դաշինքի դաշտում չէ, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, որտեղ կա չափանիշների և չափորոշիչների, քաղաքական բովանդակության կամ կոնտենտի լուրջ խնդիր: Հայաստանում ընդդիմություն չափվում է այն ուժը, որն առավել ուժգին դեմ կլինի ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, որն առավել ուժգին կանի իշխանափոխության կոչ:
Ըստ էության, Հայաստանում խոշոր հաշվով տեղի է ունենում ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն: Այսինքն` մի համակարգում, որտեղ չկա ընտրական մեխանիզմ, ծավալվում է, այսպես ասած, դասական քաղաքական պայքարի տրամաբանության մեջ տեղավորվող գործունեություն՝ մենք լավն ենք, իշխանությունը` վատը, մենք ազնիվ ենք, նրանք՝ ոչ:
Մինչդեռ ընդդիմությունը չգիտի, թե ինչ անի ստացված շատ, թե քիչ արդյունքի՝ հանրային համակրանքի, և միաժամանակ իշխանության հանդեպ իրենց իսկ ձևավորած հակակրանքի հետ:
Որովհետև, քաղաքական մրցակցության բացակայության, այսինքն` իշխանության այն դիրքորոշման պայմաններում՝ որ մեր դիրքը անսասան և անբեկանելի է, իսկ ընդդիմության դիրքը կարող ենք քննարկել լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի տրամաբանության վրա կառուցված գործունեությունը փակուղի է:
Հետևաբար՝ այլևս բացարձակապես նշանակություն չունի, քեզ ընդդիմություն համարում են, թե ոչ: Քեզ համարում են անարդյունավետ, ապարդյուն, և վերջ: Ըստ այդմ, կամ մնում է արդյունավետություն փնտրել ուժով, զենքով, ինչը, մեղմ ասած, ոչ միայն երաշխավորված հաջողության ճանապարհ չէ, այլ պետությունն ու հասարակությունը գուցե էլ ավելի մեծ վտանգի տակ դնելու ճանապարհ, կամ՝ մնում է փոխել խնդիրը, փոխել ընդդիմադիր գործունեության իմաստը:
Ահա այստեղ է թերևս հարցերի հարցը, որը, սակայն, պահանջում է բնականաբար քաղաքական մեծ համարձակություն և մտագրոհի կարողություն, որովհետև իրապես անհրաժեշտ է ստանդարտից դուրս գործունեություն, թե մարտավարության, թե քաղաքական տեքստերի, բովանդակության, դրվող խնդիրների, դիսկուրսի առումով:
Եվ այն իհարկե բավական բարդ է ընկալվելու հանրության շրջանում, երբ կասկած չկա, որ ստանդարտից դուրս գալու որևէ ջանք անմիջապես արժանանալու է ստանդարտի մեջ գտնվող ընդդիմությունների միահամուռ գրոհին: Սակայն այստեղ է խնդիրը, որևէ ուժի համար, որը հավակնում է լինել ընդդիմադիր և ծավալել Հայաստանում իրավիճակ փոխելուն միտված գործունեություն:
Ընդդիմադիր ուժից պահանջվում է իրավիճակ, ըստ այդմ, նախ մտածողություն, արժեհամակարգ և հոգեվիճակ փոխել, ոչ թե խոսել իշխանություն փոխելու մասին, երբ բոլորը գիտեն, որ դա մի շարք պատճառներով գործնականում հնարավոր չէ տեսանելի ապագայում:
Հետևաբար, ժամանակն է դուրս գալ քվեարկությունների կեղծ, արհեստական և խորքային առումով իրականության հետ կապ չունեցող չափորոշիչներից: Խոշոր հաշվով, Հայաստանում առկա իրականությունը փոխելու քայլ կատարող ուժ կարող է համարվել իրապես այն ուժը, որը համարձակ քայլ կանի հենց ստանդարտից դուրս գալու և ընդհանրապես ընդդիմություն «դասական» երևույթը քաղաքական «ոչ դասական» իրականության պայմաններում վերաիմաստավորելու ուղղությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: