ՊԵԿ-ն ընկել է Միհրան Պողոսյանի հետևից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ ՊԵԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները եւ լուրջ ստուգումներ են սկսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում:
Մասնավորապես ստուգումներ են սկսվել Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում, «Մ.Մ.Մ.» ընկերությունում, «Չայխոնա» եւ այլ հիմնարկներում։ Նկատենք, որ մինչ այս ստուգումները ՊԵԿ-ը տուգանել էր «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին, եւ ՍՊԸ-ն այդ որոշումները բողոքարկել է դատարանում: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` Մ.Պողոսյանի մտերիմ շրջապատը հայտարարել է, որ նա վճռական է տրամադրված եւ ՀՀ բոլոր ատյանները դիմելու է` իր ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ անհիմն տուգանքները չեղարկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց անձամբ զրուցել նրա հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: Մեկ փաստ էլ. ՎՊ-ն լրջագույն չարաշահումներ է բացահայտել ԴԱՀԿ-ում, եւ դրանց մի մասն առնչվում է Պողոսյանի պաշտոնավարմանը: ՎՊ-ն փաստերն ուղարկել է դատախազություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: