Հայկական լոլիկի թուրքական կասկածները՝ ռուսաստանյան մատուցմամբ
Ռուսները սկսել են կասկածել, որ հայկականի անվան տակ Ռուսաստան ներկրվող լոլիկն իրականում թուրքական ծագում ունի։ Դե, կասկածելը հասկանալի ու բնական բան է. Հայաստանում փորձագետներն ու լրագրողները նման կասկած հայտնում էին դեռ 2016-ից։
Սակայն ռուսները միայն կասկածելով չեն սահմանափակվել։ Նրանք իրենց կասկածներն ու մտահոգությունները փոխանցել են հայկական կողմին, և դեռ՝ պաշտոնական հաղորդագրություն տարածել այդ մասին։
Մասնավորապես, ապրիլի 9-ին, երբ Հայաստանում բոլորի ուշադրությունը գամված էր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության և վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի վրա, Россельхознадзор-ի պաշտոնական կայքում մի ուշագրավ ու անկեղծ հաղորդագրություն հայտնվեց։ Դրանում նշվում էր, որ ապրիլի 6-ին իրենց նախաձեռնությամբ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։
Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանյան կողմը մտահոգություն է հայտնել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական ծագման լոլիկը հայկականի անվան տակ Ռուսաստան մատակարարելու համար։
Россельхознадзор-ը նշել է, որ ռուսաստանյան շուկային լոլիկ են մատակարարում հիմնականում երկու արտահանող կազմակերպություններ՝ «Սպայկա» ՍՊԸ-ն և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես՝ սեփական արտադրական տարածքներ, այնպես էլ՝ լոլիկ են գնում այլ արտադրողներից։
«Վերջին 6 օրերի ընթացքում նշված ընկերությունները Ռուսաստան են ներկրել մոտ 2000 տոննա լոլիկ։ Լոլիկի արտադրության ծավալների աճը և Ռուսաստան ներկրման ինտենսիվության աճը վկայում են հայկական կողմից լոլիկի հնարավոր վերաարտահանման հնարավորության մասին, այդ թվում՝ թուրքական ծագման լոլիկի»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Հայաստանից Ռուսաստան լոլիկի մատակարարման հետ իրավիճակը պարզելու համար Россельхознадзор-ը հայաստանյան կողմից տեղեկատվություն է խնդրել ՀՀ-ում լոլիկի աճեցմամբ զբաղվողների, ինչպես նաև՝ լոլիկի արտադրության ծավալների և 2018թ. լոլիկի արտադրության համար նախատեսված տարածքների մասին։
Եղիշե Մարգարյանը հայտնել էր, որ այդ տեղեկատվությունը Россельхознадзор-ին կտրամադրվի ապրիլի 10-ին։ Կողմերը պայմանավորվել էին նաև ապրիլի 11-ից սկսած լոլիկ արտադրող հայաստանյան ընկերությունների գործունեության ստուգումներ անցկացնել։
Ինչպես նշեցինք, հայկականի անվան տակ Ռուսաստան արտահանվող լոլիկի թեման նոր չէ։ Այդ մասին Հայաստանում սկսեցին խոսել, երբ հրապարակվեցին լոլիկի արտահանման ցուցանիշները 2016-ի համար։ Իսկ դրանք իրոք ցնցող էին։
Այսպես, եթե 2014-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր ընդամենը 131.4 տոննա լոլիկ՝ 191.5 հազար դոլար արժեքով, ապա 2015թ. արտահանված լոլիկի ծավալը կազմել 1126.7 տոննա՝ 1.5 մլն դոլար արժեքով, իսկ 2016 թվականին հասավ ռեկորդային չափի՝ 31.2 հազար տոննա՝ 19 մլն դոլար մաքսային արժեքով։
Ի դեպ, նույն 2016-ից ՌԴ-ն արգելեց լոլիկի ներկրումն իր հիմնական մատակարար երկրից՝ Թուրքիայից։ Մինչ այդ Թուրքիան ապահովում էր Ռուսաստանի լոլիկի ներկրման կեսը։ Օրինակ՝ 2015-ին Ռուսաստանը ներմուծել է ընդհանուր առմամբ 665.5 հազար տոննա լոլիկ, որից 347 հազար տոննան՝ Թուրքիայից։
Թուրքիան Ռուսաստանի խոշորագույն մատակարարն էր, որին հաջորդում էին Չինաստանը (87 հազար տոննա), Մարոկկոն (86 հազար տոննա), Ադրբեջանը (65 հազար տոննա) և Բելառուսը (40.5 հազար տոննա)։
Փաստորեն, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներից անմիջապես հետո հայկական լոլիկի արտահանումը թռիչքաձև աճեց։ Սա առաջին հայացքից բնական կարող էր թվալ. թուրքական լոլիկի առաջացրած դեֆիցիտը ռուսները չէին կարող կարճ ժամանակում լրացնել տեղական բերքով։ Հետևաբար՝ Թուրքիայի ազատած տեղը լոլիկի ռուսաստանյան շուկայում մասամբ զբաղեցրին այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։
Գյուղնախարարությունն էլ, իր հերթին՝ լոլիկի արտահանման կտրուկ աճը պայմանավորում էր ջերմոցների ավելացմամբ և այլ գործոններով։ Ինչպես երևում է, այդ հիմնավորումը ռուսներին էլ է համոզիչ թվացել, ինչը շատ տարօրինակ է։ Որովհետև կարելի էր համադրել Հայաստանում լոլիկի բերքի պաշտոնական տվյալներն ու արտահանման տվյալները։
Ինչպես տեսնում եք գծապատկերում, լոլիկի արտահանման թռիչքի տարում՝ 2016 թվականին, Հայաստանում լոլիկի բերքը ոչ միայն չի ավելացել, այլ հակառակը՝ 2015 թվականի համեմատ՝ նվազել է։ 2015 թվականին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում արտադրվել է 317 հազար տոննա լոլիկ, 2016 թվականին՝ մոտ 291 հազար տոննա (աղբյուրը՝ «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» տարեկան զեկույցներ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն)։
Փաստորեն, լոլիկի բերքը նվազել է, արտահանումը՝ կտրուկ աճել։ Իսկ դա արդեն իսկ տարօրինակ է, քանի որ արտերկրից Հայաստան չնչին քանակությամբ լոլիկ է ներկրվում և վերջին տարիներին առավելագույնը եղել է տարեկան 140 տոննա։
Այս տվյալները դժվար թե ռուսներն ինքնուրույն չկարողանային տեսնել։ Իսկ ինչո՞ւ են հիմա սկսել կասկածել։
Ըստ երևույթին, այն պատճառով, որ մերոնք «համը հանել են»` ընդամենը 6 օրում 2000 տոննա լոլիկ ուղարկելով ռուսաստանյան շուկա։ Ու հիմա մերոնցից մանրամասն տվյալներ են ուզել։
Դեռ պարզ չէ՝ այդ տվյալները տրամադրվե՞լ են, թե՞ ոչ, և ի՞նչ որոշում կկայացնի Россельхознадзор-ը՝ լոլիկի հետ կապված։ Սակայն կարելի է ենթադրել, որ Հայաստանից Ռուսաստան լոլիկ արտահանողներն այսուհետ ավելի զգուշավոր գործելաոճ կորդեգրեն։
Ուշագրավը նաև այն է, որ ՍԱՊԾ-ի կայքում որևէ տեղեկատվություն չկա ապրիլի 6-ին տեղի ունեցած տհաճ խոսակցության մասին։ Այնպես որ, հետագա զարգացումներին տեղյակ լինելու համար էլ, ըստ երևույթին, պետք է հետևել Россельхознадзор-ի հաղորդագրություններին։