
Թուրքիան և ՆԱՏՕ-ն կքննարկեն Ինջիռլիքի բազայի օգտագործումը Սիրիայում հնարավոր գործողության ընթացքում

Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել Ինջիռլիքի բազայի օգտագործումը Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավոր գործողության դեպքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 12-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։
«Սիրիայում ռազմական գործողությունների սկսելու դեպքում Ինջիռլիքի բազայի օգտագործման հարցը կքննարկվի ապրիլի 16-ին Ենս Ստոլտենբերգի՝ Անկարա կատարելիք այցի ժամանակ»,-ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 16-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիայի մայրաքաղաք, որտեղ նա պլանավորում է հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Խուլուսի Աքարի, արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի եւ պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլիի հետ:
Սպասվում է, որ նրանց բանակցությունների հիմնական թեմաները կդառնան Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի փոխհարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը, «Ձիթենու ճյուղ» գործողությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստվելը, որը ծրագրվում է 2018 թվականի հուլիսի 11-12-ին անցկացնել Բրյուսելում: