ԱՄՆ պատժամիջոցները տեղ հասան. Ի՞նչ սպասել Հայաստանում

Ապրիլի 6-ին ԱՄՆ-ը հրապարակեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հերթական (կարծեմ՝ հոբելյանական 50-րդ) ցանկը: Ռուսաստանի իշխանությունների պատասխանը նույնն էր` նորույթ չէ և հետևանքներ չի ունենա: Այդպես ԽՍՀՄ ղեկավարությունն էր խոսում ԱՄՆ նախագահ Ռեյգանի պատժամիջոցների մասին: Հետո ինչ տեղի ունեցավ` բոլորը գիտեն:

Այս անգամ էլ հերթական պատժամիջոցների ցանկը տարբերվեց նախորդներից: Մինչ այդ թվում էր, թե ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների հստակ ծրագիր չունեն: Ռուս վերլուծաբանները ծաղրում էին, որ ամերիկացիները պարզապես մտել են ՌԴ նախագահական կայք ու բարձրագույն պաշտոնյաների ցուցակն արտագրել են ու հայտարարել նրանց նկատմամբ պատժամիջոցների մասին:

Նույն մեթոդը կարծես կիրառվում էր ռուսաստանցի մեծահարուստների նկատմամբ: Բայց այս դեպքում նշվում էր, որ օլիգարխների ցանկը վերցված է հանրահայտ Forbes-ից:

Ամերիկյան կողմը հավանաբար իր հստակ ծրագիրն ուներ, որովհետև ապրիլի 6-ից հետո պատժամիջոցների հետևանքներն արդեն տեսանելի դարձան: Ցանկում նշված էր «Ռուսալի» նախագահ (և 48,13 տոկոսի սեփականատեր) Օլեգ Դերիբասկայի անունը: Մինչև պատժամիջոցներն ալյումինի համաշխարհային շուկայում այս հսկան տարեկան 4 մլն տոննայից ավելի ալյումին էր վաճառում, իսկ հասույթը գերազանցում էր 10 մլրդ դոլարը:

Այս երեքշաբթի Հոնկոնգի բորսայում  «Ռուսալի» արժեթղթերը գահավիժեցին համարյա 50 տոկոսով: Լոնդոնի մետաղական բորսան հայտարարեց, որ սահմանափակումներ է մտցնում  «Ռուսալի» արտադրանքի գործարքների վրա: Այնուհետև նույն հայտարարությունն արվեց Նյու Յորքի ապրանքային բորսայում:

Ենթադրելով, որ այս ձեռնարկությունը կարող է առողջացման համար արտասահմանում ֆինանսներ փնտրել՝ ԱՄՆ-ը հայտարարեց, որ իր պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հետ համագործակցող բրիտանական բանկերը կբախվեն տհաճ հետանքների: «Ռուսալը» հայտարարեց, որ մասամբ չի կատարելու իր ֆինանսական պարտավորությունները վարկատուների հանդեպ, և չբացառեց «տեխնիկական դեֆոլտի» հեռանկարը:

Ռուսական փորձագետները սկսեցին խոսել «Ռուսալի» հնարավոր ազգայնացման մասին: Երեքշաբթի արդեն տեսանելի էր, որ այս հսկան իր ետևից ֆինանսական անդունդ է ձգում իր հիմնական վարկավորողներին՝ ռուսական ՎՏԲ-ին և Խնայբանկին: Հետո 10 տոկոսով արժեզրկվեց ռուսական ռուբլին: Ռուսական համարյա բոլոր հեղինակավոր կայքերն ուղիղ ռեժիմով տարադրամի արժեքն էին ներկայացնում: Պարզ էր, որ ամերիկյան պատժամիջոցները սկսեցին ցնցել ՌԴ տնտեսությունը:

Նույն  «Ռուսալը», օրինակ, պարզվում է՝ «Նորիլսկնիկելի» 27,8 տոկոսի սեփականատերն է: Պարզ էր, որ տնտեսական ցնցումները շղթայական են լինելու:

Պատժամիջոցների կիրառման սկզբում ԱՄՆ նախկին նախագահ Օբաման  ուրախ-ուրախ հայտարարեց, որ «Ռուսաստանի տնտեսությունը ծվեն-ծվեն է եղել»: Ռուսական կողմը 2014-ի ցնցումը հաղթահարելուց հետո երկու տարուց ավելի չարախնդում էր: Իսկ հիմա իրավիճակը փոխվեց:

Նախ՝ ռուսաստանցի շատ փորձագետների համար  «անսպասելիորեն» պարզվեց, որ ռուս օլիգարխների հիմնական կարողությունն ու սեփական ձեռնարկություններն արտասահմանում են գրանցված: Չորեքշաբթի մի տարօրինակ տնտեսական լուր էլ տարածվեց:

ԱՄՆ-ից նեղացած «Ռուսալն» իր գործընկերներին դիմել էր՝ իրեն ունեցած վճարումներն անել ոչ թե՝ «ատելի» ԱՄՆ դոլարով, այլ՝ եվրոյով, կամ այլ արժեք-արժույթով: Սա ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվելու մեծ փորձ ունեցող Իրանի  «նորույթն» է, որը, քաղաքական պոպուլիզմից զատ՝ ուրիշ բովանդակություն չունի: Հիմա կենտրոնանանք այն հարցի շուրջ, թե ինչու է մեզ համար կարևոր «Ռուսալի» հետ կատարվածը: Այս ձեռնարկությունը մեր նախկին՝ «Կանազ», ներկա՝ «Արմենալի» սեփականատերն է: 650 աշխատակից ունեցող այս գործարանը ենթադրում էր հասնել տարեկան 38-40 տոննա ալյումինե փայլաթիթեղ արտադրելու ցուցանիշին: Պաշտոնապես հայտարարվում էր, որ այս ձեռնարկության արտադրանքի 40 տոկոսն ԱՄՆ է արտահանվում:

Արտահանման մյուս խոշոր երկիրը Գերմանիան է: Պաշտոնապես ձեռնարկությունում միջին աշխատավարձը 350 հազար դրամ է: Անցած տարի նույնիսկ պետական լրատվամիջոցներն էին ուրախ-ուրախ նշում, որ ռուսաստանյան ալյումինի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում իրավիճակից օգտվում է «Արմենալը», որը գրավում է ռուսական արգելված շուկայի փոքրիկ հատվածը:

Հիմա, երբ սնանկանում են այս ձեռնարկության ռուսաստանցի սեփականատերերը, երբ ՌԴ-ում բաց տեքստով խոսում են ալյումինի ու նիկելի արտադրության ձեռնարկությունների ազգայնացման մասին, իրավիճակն անկանխատեսելի է դառնում: Իսկ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր պատժամիջոցներում ընդգրկված սեփականատերերի հետ ցանկացած գործարք իր համար անընդունելի է:

Հետևաբար՝ «ցուցակագրված» ձեռնարկությունները ոչ կարող են վաճառվել, ոչ էլ ներդրող ներգրավել: Բոլոր դեպքերում ՌԴ տնտեսական կյանքում նոր ու անկանխատեսելի գործընթացներ են սկսվել: Հետևենք:

Տեսանյութեր

Լրահոս