Բաժիններ՝

Համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև

Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև: Դրա շրջանակներում՝ մայիսի 5-ին, Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը»:

«Մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությանը աջակցությունը գործունեության ողջ ընթացքում եղել է Կոնվերս Բանկի առաջնահերթություններից մեկը: Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու՝ մասնավորապես, քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է»,- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Նրա խոսքով, Կոնվերս Բանկը երկարամյա համագործակցության փորձ ունի Հայաստանի մի քանի կրթօջախների հետ, որոնց սաների համար պարբերաբար հանդես է գալիս տարբեր շահավետ առաջարկներով, ինչպես նաև աջակցում նրանց կրթական միջավայրի ու պայմանների բարելավման:

Բանկի որդեգրած այս մոտեցումը հատկապես ընդգծված կլինի 2018 թվականի ընթացքում.
«Այս տարի Կոնվերս Բանկը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: 25-ամյակի միջոցառումների շրջանակում հանրությանը կներկայանանք նորարարական մտածելակերպի խրախուսմանն և երիտասարդությանը հասցեագրված բազմաթիվ նախագծերով»,-ասաց պարոն Հակոբյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցելու է 9-12-րդ դասարանների 40 թիմ Երևանից, ՀՀ և Արցախի տարբեր մարզերից, ինչը նշանակում է, որ մրցաշարի նկատմամբ բարձր դասարանցիների հետաքրքրությունը հետզհետե աճում է:

«Մենք շատ ոգեշնչված ենք այս համագործակցությամբ։ «Այբ» հիմնադրամի և «Կոնվերս Բանկ» -ի այս համագործակցության արդյունքում մենք կարող ենք բացահայտել պայծառ երիտասարդներ, ովքեր վաղը կշարունակեն իրենց ուսումն ու զարգացումը և կդառնան մեր երկրում քիմիական արդյունաբերության, առողջապահության զարգացման գրավականը», – ասել է «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։
Նշենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի հերթական այս նախաձեռնությունը իրականացվում է 2010թ-ից:

Մրցաշարն ինտերակտիվ խաղ է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների թիմեր: Մրցաշարի ընթացքում 9-ից 12-րդ դասարանցիները լուծում են քիմիայի առաջադեմ խնդիրները, քննարկում տարբեր գիտական թեմաներ եւ ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս