
Ռուս զինվորականներն սկսել են Սիրիայի երկնքում արգելափակել ԱՄՆ-ի անօդաչուների ազդանշանները

Ռուս զինվորականները Սիրիայի երկնքում արգելափակում են ամերիկյան որոշ անօդաչուների ազդանշանները՝ դժվարացնելով ԱՄՆ-ի ռազմական գործողությունները: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական շրջանների չորս աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ ՌԴ-ի զինվորականներն ամերիկյան դրոնների ազդանշաններն սկսել են խլացնել մի քանի շաբաթ առաջ Արեւելյան Ղութայում քիմիական զենքի հնարավոր բազմակի օգտագործման մասին հաղորդագրություններից հետո:
«Ռուսաստանցի զինվորականներն անհանգստացած էին, որ ամերիկացի զինծառայողները մտադիր են վրեժխնդիր լինել գրոհների համար, եւ սկսել են խլացնել այդ տարածքում գործող անօդաչուների GPS-համակարգերը»,- նշում է հեռուստաալիքը:
Նրա աղբյուրներից մեկը «հավաստել է, որ այդ գործողություններն ազդեցություն են գործում Սիրիայում ամերիկացի զինառայողների գործողությունների վրա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: