«Ո՞նց թե՝ ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ, ո՞ւմ եք դուք հետ բերում. նրանք պոտենցիալ հայասպաններ են». Մարիամ Ավագյանը՝ Բակո Սահակյանին

«Սա ցեղասպանություն է. արդեն 120 տարի մեր բնօրրանում մեզ ցեղասպանում են՝ լինի Նախիջևանից, Արևմտյան Հայաստանից, Թալիշի կողմից թե որտեղից, սա մի ամբողջական պրոցես է, որն անընդհատ տարվում է մեր նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Անդրադառնալով Նախիջևանում տեղի ունեցած վերջին միջադեպին, երբ կրակել էին հայկական կողմի ուղղությամբ, նա ասաց, որ Նախիջևանն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեջ եղել է հիմնական կետը, և պատահական չէր, որ 1918-20թթ. 53 հազար 900 հայերին մորթելով տեղահան արեցին. «Արդեն 1926թ. Նախիջևանում տեսնում ենք ընդամենը 11 հազար 276 հայ։ Իսկ ցեղասպան քայլերը բերեցին նրան, որ 1988-ի նախօրեին մենք 3.5 հազար հայ ունեինք։ Ցավալին այն է, որ ամեն անգամ հանգիստ ենք վերաբերվում, ասում ենք՝ դե, Նախիջևանից կրակել են, Երևանին այդքան էլ մոտիկ չեն, կամ Թալիշում կրակել են, Ստեփանակերտին այդքան մոտիկ չեն։ Սա մեզ ջլատող իրավիճակ է ստեղծում։ Մեր բոլոր ցեղասպանագետները զբաղված են 1915թ. ուսումնասիրությամբ, իրենք չեն փորձում տեսնել, որ այսօր հենց մեր հյուսիային հարևանի տարածքում անընդհատ հայության դեմ գործում է ցեղասպան մեքենան»։

Ինչ վերաբերում է Ալիևի՝ Զանգեզուրն ու Երևանը գրավելու մասին հայտարարություններին, նա ասաց, որ մեր իշխանությունները թեթևսոլիկ պահվածքով են արձագանքում դրան.

«Ոչ մի գովազդային քայլ չկա Ալիևի խոսքում․ իրոք կան ուժեր, որոնք, ինչպես 1915թ. էին քրդերին և թուրքերին տանում այնպիսի հոգևիճակի, որ դարձան հայասպան, հիմա էլ Ադրբեջանում գործող ցեղասպան մեքենան Ադրբեջանի ողջ բնակչությանը  դարձրել է ցեղասպան։ Ադրբեջանում բոլորը պոտենցիալ հայասպան են, ամեն ինչ արվել է վերջին 30 տարում, որ այդ ժողովրդի հոգեվիճակը դա լինի։ Այլապես, 2016թ. երբ Սլոյանի գլուխը ման էին տալիս տարբեր բնակավայրերով, բնակչությունն այդպես չէր հրճվի։ Պատկերացրեք՝ մի հայ սպա զինվորի գլուխ պտտացնի, այդ հայ սպայի հետ հայ բնակչություն ինչ կանի, իսկ նրանք հրճվում են։ Ամբողջ ադրբեջանական հանրությունն է ներծծված ցեղասպանության հոգեվիճակով։ Սրա մասին է, որ պետք է բարձրաձայնեն մեր ցեղասպանագետները, Հայ դատի գրասենյակները»։

Խոսելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարության մասին, թե ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ, եթե ընդունեն ԱՀ իրավազորությունը, Մարիամ Ավագյանն ասաց, որ այդ «եթե»-ն արդեն իրեն չի հետաքրքրում.

«Ո՞նց թե՝ կարող են վերադառնալ, ո՞ւմ եք դուք հետ բերում։ Այսինքն՝ դուք թույլ եք տվել, որ 30 տարի Ադրբեջանի տարածքում աճեցվի, դաստիարակվի ցեղասպան, հայասպան մի սերունդ, ու հիմա այդ սերունդին հետ ես բերում՝ հայերի նոր սպանդ կազմակերպելո՞ւ։ Տարատեսակ ճանապարհներով Բակո Սահակյանին հակազդեցինք՝ ասելով՝ ո՞վ է ձեզ իրավունք տվել ազատագրված տարածքներում հրավիրել ադրբեջանցի փախստականներին՝ ապրելու, սա ի՞նչ կարճատեսություն է։ Առաջինը հոգ տարեք, որ մենք ապրենք այդտեղ։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Мirror Spectator պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ և ապրել այնտեղ՝ պայմանով, որ կընդունեն հանրապետության իրավազորությունը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս