30-62՝ բարձր աշխատավարձ ստանալու լավագույն տարիքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի կիրառմանը:

ՊԵԿ վարչական ռեգիստրի ներդրման արդյունքում ապահովվել է ամսական կտրվածքով վիճակագրական միավորների ամբողջական ընդգրկվածություն՝ ներառելով մեկ եւ ավելի վարձու աշխատող ունեցող բոլոր կազմակերպություններին՝ կազմակերպաիրավական ձեւից անկախ:

Միջին ամսական աշխատավարձի ստորեւ ներկայացվող ցուցանիշները հաշվարկվել են մոտ 37 հազար կազմակերպությունների ավելի քան 500 հազար վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության տվյալների հիման վրա: Մինչ տեղեկատվական աղբյուրի այս փոփոխությունը, ցուցանիշները հաշվարկվում էին ամսական վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված մոտ 4500 խոշոր եւ միջին կազմակերպությունների շուրջ 370 հազար վարձու աշխատողների նույնանուն տվյալների հիման վրա:

Այս տարվա հունվարին աշխատողների թվաքանակն ու միջին ամսական անվանական աշխատավարձը ուղիղ կապ են ունեցել կազմակերպությունների տեսակների հետ: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 36 հազար 493 կազմակերպություն, որտեղ աշխատում է 509 հազար 549 մարդ: Եվ որն ամենահետաքրքիրն է, ամենից շատ աշխատավարձ ստացել են մեծ անձնակազմ ունեցող կազմակերպության աշխատակիցները:

Մասնավորապես, գրանցվել է 1–9 աշխատող ունեցող 28 հազար 749 ընկերություն, որտեղ աշխատում է 76 հազար 695 մարդ: Նրանց միջին ամսական աշխատավարձը կազմում է 98 հազար 705 դրամ: 50–249 աշխատող ունեցող թվով 1497 ընկերություն կա, որտեղ աշխատում է ավելի քան 137 հազար քաղաքացի, նրանք միջինում վաստակում են 165 հազար 638 դրամ: Իսկ 250–ից ավելի աշխատող ունեցող 222 կազմակերպությունում աշխատում է 167 հազար 294 մարդ, ովքեր ամսական ստանում են մոտավորապես 223 հազար 445 դրամ: Ստացվում է, որ որքան ընկերությունը մեծ է, այնքան ավելի շատ գումար է այն վճարում իր աշխատակիցներին:

Կազմակերպությունների՝ պետական եւ ոչ պետական հատվածների տարանջատման դեպքում էլ, տեսնում ենք, որ պետական աշխատանք առաջարկող կազմակերպությունները 4090 են, իսկ ոչ պետական՝ 32 հազար 403: Առաջինում ընդհանուր առմամբ աշխատում են 198 հազար 200 քաղաքացի, իսկ երկրորդում՝ 311 հազար 349: Եվ համեմատության մեջ դնելով երկու հատվածների աշխատակիցներին վճարվող միջին անվանական աշխատավարձը, նկատում ենք, որ ոչ պետական հատվածում մարդիկ ավելի շատ են վաստակում:

Օրինակ, պետական մի կազմակերպություն, որն ունի 50–249 աշխատող, իր աշխատակիցներին վճարում է միջինում 126 հազար 434 դրամ, այն դեպքում, երբ նույն թվով աշխատողներ ունեցող մասնավոր ընկերությունները կարող են վճարել ամսական մինչեւ 206 հազար դրամ աշխատավարձ:

Ուսումնասիրության մեկ այլ դիտարկում էլ մտահոգվելու տեղիք է տալիս: Բանն այն է, որ այս տարի հունվարին գրանցված ցուցանիշների համաձայն՝ կանայք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Տղամարդիկ միջինում վաստակում են 202 հազար դրամ, իսկ կանայք՝ 132 հազար դրամ:

Մեկ այլ դիտարկման համաձայն էլ՝ ավելի շատ են վաստակում 30–62 տարեկան մարդիկ: Օրինակ՝ 50 եւ ավելի աշխատող ունեցող ընկերությունը 15–29 տարեկաններին միջինում վճարում է 173 հազար դրամ աշխատավարձ, 30–62 տարեկաններին՝ 208 հազար դրամ, իսկ 63 տարեկանից բարձր անձանց՝ 163 հազար դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս