Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի համար Սանչեսի թեկնածության շուրջ բանավեճերը նշանակված են ապրիլի 13-ին
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը որոշել է ապրիլի 13-ին նշանակել բանավեճերը տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար Կատալոնիայի ազգային ասամբլեա կազմակերպության նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի թեկնածության շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է ինքնավարությանի խորհրդարանի Twitter-ում։
Նիստը նշանակված է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին): «Ռոժե Տորենը կոչ է անում Գերագույն դատարանին (ԳԴ)՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ժորդի Սանչեսը, որը գտնվում է բանտարկության մեջ, կարողանա ապրիլի 13-ին մասնակցել բանավեճերին»,-նշել են խորհրդարանում:
Ավելի վաղ տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն իր աջակցությունն է հայտնել առաջարկված թեկնածուին, որն Իսպանիայի ԳԴ-ի որոշմամբ կալանքի տակ էր վերցվել «անջատողական գործընթացի» հետ կապված գործի հետաքննության ընթացքում:
Ինքնավարության խորհրդարանի խոսնակն արդեն Սանչեսին առաջադրել էր կառավարության ղեկավարի պաշտոնում, սակայն ավելի ուշ նա չեղարկել էր բանավեճերը պալատում այն բանից հետո, երբ մերժվել էր ազատման վերաբերյալ պատգամավորի խնդրանքը, որպեսզի անձամբ ներկայանա իր թեկնածության շուրջ նիստին: Բացի այդ, ԳԴ-ը 13 քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սանչեսին, մեղադրանք է առաջադրել խռովություն հրահրելու համար:
Ինքնավարության կառավարության ղեկավարի թեկնածությանը նվիրված նիստի ընթացքում հավակնորդը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Այնուհետեւ անցկացվում է քվեարկություն, որտեղ նրան հարկավոր է ապահովել խորհրդարանականների բացարձակ մեծամասնության, այսինքն՝ առնվազն 68-ի աջակցությունը: Եթե դա տեղի չի ունենում, երկու օր անց կարող է կայանալ երկրորդ քվեարկությունը, որտեղ արդեն բավարար կլինի պարզ մեծամասնությունը: