Բաժիններ՝

«ԱՄՆ-ը կզղջա «միջուկային գործարքից» դուրս գալու դեպքում». Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։

«Մենք չենք խախտելու համաձայնագրի պայմանները, բայց նա (ԱՄՆ-ը) պետք է իմանա, որ կզղջա, եթե խախտի գործարքը… Մեր պատասխանն ավելի կոշտ կլինի, քան նա պատկերացնում է, եւ նա դա կտեսնի արդեն շաբաթվա ընթացքում»,-ասել է Ռոուհանին, որի խոսքը հեռարձակվել է Press TV հեռուստաալիքով:

Նա ընդգծել է որ Իրանն արդեն դիտարկել է գործարքի զանազան տարբերակներ, այդ թվում՝ առանց Վաշինգտոնի մասնակցության: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս