«Ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև». Արմեն Սարգսյան

Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը: Այս մասին այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մեր ազգային միասնության ամենակարևոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը։ Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։
Մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ:

Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձևի ընկալմանը ու կենսագործմանը: Փոքր երկիր՝ համաշխարհային ազգ. սա է մեր էությունը:

Սիրելի հայրենակիցներ, հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք. այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը:

Այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը և դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին և արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը, առավել՝ Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին:
Սակայն, ինչքան էլ գրավիչ և տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են:

Աշխարհը, ուր ապրում ենք մենք և ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական և հետազոտական կենտրոնների հետ՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները և դրանք առաջարկենք աշխարհին:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Սա’ է ապագան։ Վստահեցնում եմ` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրև երկրի Նախագահ, այլև այդ բնագավառում որոշակի փորձառություն ունեցող մարդ, միշտ լինելու եմ ձեր կողքին:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում՝ լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով և մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաև նոր և գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված, կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում:

Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, և դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր՝ Երիտասարդ Հայաստան:

Դինամիկ, ճկուն և ստեղծագործ Հայաստան:

Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին և կդառնա բոլորիս հպարտության և ոգևորության աղբյուրը: Հայրենիք՝ աշխարհի բոլոր հայերի համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս