
Հունգարիայի վարչապետ Օրբանի կառավարող կոալիցիան հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է իր գլխավորած կոալիցիայի «պատմական հաղթանակի» մասին ապրիլի 8-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։
Ընտրական հանձնաժողովի կողմից քվեների գրեթե 98 տոկոսի հաշվարկի արդյունքների հրապարակումից հետո կոալիցիան հավաքել է ընտրողների քվեների 48,81 տոկոսը: Օրբանն իր կողմնակիցներին հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները հունգարացիներին «հնարավորություն են ընձեռում պաշտպանել իրենց եւ պաշտպանել Հունգարիան»:
Ընտրությունների արդյունքներով՝ վարչապետի կառավարող կոալիցիան խորհրդարանում ստանում է 134 տեղ, այսինքն՝ երկու երրորդը, մինչդեռ նրա անմիջական հետապնդողը՝ «Յոբբիկ» ծայրահեղ աջ կուսակցությունը՝ 27 տեղ: Եվս 19 տեղ են ստանում հունգար սոցիալիստները: «Յոբբիկի» առաջնորդ Գաբոր Վոնան հայտարարել է պաշտոնաթողության մասին: Նա խոստացել էր թողնել կուսակցության ղեկավարի պաշտոնն ընտրություններում պարտվելու դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: