Բաժիններ՝

Տիեզերակայանում աշխարհի առաջին հյուրանոցի բացումը պլանավորված է 2020 թվականին

Տիեզերակայանում աշխարհի առաջին հյուրանոցի բացումը պլանավորված է 2020 թվականին: Այդ մասին հայտնել է SpaceNews պորտալը: Aurora մոդուլային ուղեծրակայանում հյուրանոցի մշակմամբ զբաղվում է Միացյալ Նահանգների Orion Span ընկերությունը:

Հյուրանոցի մակերեսը կկազմի 42 քառակուսի մետր, որտեղ կարող են տեղավորվել չորս հյուրերն ու անձնակազմի երկու անդամները: «Հյուրերն ուղեծրի հյուրանոցում կգտնվեն (Երկրի – խմբ.) մակերեւույթից 320 կիլոմետր բարձրության վրա՝ ամբողջ ժամանակ գտնվելով անկշռության վիճակում»,- հայտարարել է Orion Span-ի գլխավոր տնօրեն Ֆրենկ Բունգերը Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հյուրանոցի հյուրերը կկարողանան մասնակցել մրգերի եւ բանջարեղենի աճեցման գիտափորձերին, որոնք ճանապարհորդությունից հետո նրանք կարող են իրենց հետ վերցնել որպես հուշանվեր:

Ինչպես հայտնել է հանդեսը, հյուրանոցում 12 օր ապրելու տոմսը կարժենա 9,5 միլիոն դոլար: Գումարը ներառում է նախաթռիչքային պատրաստման երեք ամիսը, ինչպես նաեւ մինչեւ տիեզերակայան եւ հետ փոխադրումը: Հյուրանոցը Երկրի շուրջը պտույտ կգործի յուրաքանչյուր 90 րոպեն մեկ, այսպիսով, հյուրերը կկարողանան ամեն օր դիտել 16 արեւածագ ու մայրամուտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս