Բաժիններ՝

«Այս տարի Սևանից բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր․ ավելիի վերաբերյալ հստակություն չկա»․ Արսեն Հարությունյան

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց, որ այս տարի ջրամբարների 52 տոկոսն է լցված:

«Ներկա պահի դրությամբ մենք ջրամբարներում ունենք շուրջ 460 միլիոն խորանարդ մետր ջուր, և վերջին տասն օրվա ընթացքում օրական միջինն  ընթացքում հինգ միլիոն խորանարդ մետր աճ ենք ունենում, և նախորդ տարվա դրությամբ տարաբերությունը կազմել է 27 միլիոն խորանարդ մետրի չափով՝ երեք տոկոս: Այս պահին բոլոր  ջրամբարները միասին լցվածությունը կազմել է 52 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ երազում են 100 մլն խմ-ով ավելի լցվածության մասին։

«Ջրառատ տարին եղել է 2016 թվականին, երբ ջրամբարների լցվածությունը 65 տոկոս է կազմել»,- ասաց նա:

Արսեն Հարությունյանը նշեց, որ այս պահին Սևանա լճի մակարդակը 10 սմ-ով բարձրացել է: «Այս պահին Սևանի մակարդակը կազմում է 1900 մետր 55 սմ»,- ասաց նա: Նա նշեց, որ շարունակվում է Արփա-Սևան թունելի կառուցումը, և ավարտից հետո բաց կթողնեն 200-250 միլիոն խորանարդ մետր ջուր, այս պահի դրությամբ թունելի միջոցով տարեկան բաց է թողնվում 100-120 խորանարդ մետր ջուր․ «Այս քսան օրվա ընթացքում արդեն իսկ բաց է թողնվել 26 միլիոն խորանարդ մետր ջուր»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կա՞ հստակեցում, թե այս տարի Սևանա լճից որքան ջուր է բաց թողնվելու։ Ի պատասխան՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ  այդ առումով պատրաստում են կառավարության որոշման նախագիծը․«Այս տարի Սևանից բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուրը, որը յուրաքանչյուր տարի բաց է թողնվում, իսկ ավելիի վերաբերյալ հստակություն չկա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս