Բաժիններ՝

«Եթե մենք չպատժենք համապատասխան խախտողներին, մենք պատասխանատվության կենթարկվենք»․ Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը:

«Ծրագիրը նախատեսում է 9 տոկոսանոց տոկոսադրույքից 7-ի սուբսիդավորում կառավարության կողմից։ Ֆերմերը 20 տոկոս կանխավճարի դեպքում կարող է օգտվել այս ծրագրից։ Նպատակը նոր տեխնիկայի ներմուծումն է Հայաստան․ տարեկան նախատեսում ենք մինչև 2,8 մլրդ դրամի տեխնիկայի վաճառք Հայաստանում։ Մեր ծրագրերի հիմնական մասում ծրագրերի մասնակիցների դիվերսիֆիկացիայի խնդիր կա դրված։ Ծրագրին կարող են միանալ բոլոր ֆինանսական կառույցները, բանկերը, վարկային կազմակերպությունները, մատակարարները։ Ֆերմերն է իր գրպանին համապատասխան որոշում, թե որ տեխնիկան է ուզում գնել»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ նախորդ տարի վաճառվել է 160 տեխնիկա, իսկ այս տարի լիզինգային ծրագրի շրջանակներում վաճառվել է 43 միավոր տեխնիկա, որի ֆինանսական բաղադրիչը կազմում է 114 մլն դրամ։

«Եվրոպական և ամերիկյան տեխնիկայի, որն իր չափորոշիչներով ավելի բարձր է, թվաքանակը տարեցտարի ավելանում է։ 2017թ, ներմուծված տեխնիկան 2,5 անգամ գերազանցել է 2016թ․ ներմուծման ծավալներին։ Համաշխարհային բանկի փորձագետների հետ հանդիպում ենք ունեցել, նրանք փաստել են, որ սա համարվում է աշխարհի լավագույն ծրագրերից մեկը։ Ադրբեջանում, օրինակ, 3 տոկոսով է տրամադրվում տեխնիկան, բայց մեխանիզմներն այնպիսին չեն, ինչպես Հայաստանում։ Հիմա մեր փորձը կիրառելու են նաև Վրաստանում»։

Մակարյանը նշեց, որ լիզինգային ծրագիրը ծածկելու է տեխնիկայի պարկի 2-3 տոկոսը․  «Մենք ծրագրի ծավալներն ավելացնելու խնդիր ունենք։ Լիզինգի առանձնհատկությունն այն է, որ մինչև վարկը մարելը դա համարվում է բանկի սեփականությունը»։

Լրագրողներից մեկը նկատեց՝ տեխնիկան, մեծ հաշվով, շարքային գյուղացուն չի հասնում, քանի որ լիզինգային ծրագրի մատակարարները չարաշահումներ են թույլ տալիս, մանսավորապես, բերվեց տեխնիկա մատակարարող «Հրաշք այգի» ՍՊԸ-ի օրինակը։

Դիտարկմանն արձագանքեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

«Եթե կան փաստեր, դրանք կպատժվեն։ Տվյալ բանկը, տնտեսությունը կզրկվի կոնկրետ ծրագրով սուբսիդավորումից։ Մենք պարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում, որ հասկանանք, չարաշահումներ կան, թե ոչ։ Դա միտք է, որ կարող է լինել չարաշահում, բայց դա արդեն քրեականորեն հետապնդվող փաստ է։ Եթե մենք չպատժենք համապատասխան խախտողներին, մենք պատասխանատվության կենթարկվենք»,- ասաց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս