Արմեն Սարգսյանի 400 հյուրը նստելու տեղ չի ունենալու. կազմակերպիչները լուրջ խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»
«Երկուշաբթի օրը մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ կազմակերպիչները վերջին պահին լուրջ խնդրի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ համալիրը կարող է տեղավորել ընդամենը 1200 անձի, սակայն նախատեսված հյուրերի թիվը եղել է ավելի քան 1600 հոգի:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս են տեղավորելու այդ 400 հոգուն. հարցին լուծում կտան վերջին պահին, տեղում:
Թերթին նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությունից արդեն երեկոյան, ի պատիվ Սարգսյանի, նախատեսված է մեծ խնջույք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում:
Դրան մասնակցելու են Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, փոխնախագահներն ու խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները. «շարքային» պատգամավորներից հավանաբար մի քանի հոգի կլինի:
Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությանը, ինչպես նաեւ գիշերը կազմակերպվելիք խնջույքին ներկա է լինելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաեւան, որը Արմեն Սարգսյանի հետ բիզնես գործընկեր է.
«Ժողովուրդ» թերթը ոչ մեկ անգամ է գրել, որ Ա. Սարգսյանը Նազարբաեւների ընտանիքի վստահելի անձանցից մեկն է, եւ նրա միջոցով են Ղազախստանի ղեկավարի ընտանիքի անդամներն օրինականացնում իրենց գումարները: Սարգսյանը նաեւ եղել է Ղազախստանում «Բրիթիշ պետրոլ» ընկերության ներկայացուցիչը:
Հյուրերի քանակի հետ կապված խնդիրների մասով մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ լրատվական վարչություն, որտեղից, սակայն, ասացին, թե բոլոր հրավիրվածներն էլ ունեն իրենց տեղը:
Հ.Գ. Ի դեպ, մարզահամերգային համալիրում կայանալիք երդմնակալության արարողությանը լրագրողները հետեւելու են ԱԺ-ից: Այլ կերպ ասած` իշխանությունները շարունակում են սահմանափակումներ մտցնել լրատվամիջոցների, որ նույնն է՝ մամուլի ազատության նկատմամբ: Ընդ որում, անգամ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո նման սահմանափակումներ չկային»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: