Առաջատար ԶԼՄ-ները հորինված լուրեր են տարածում. հարցում
Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը՝ 77 տոկոսը, համոզված է, որ երկրի առաջատար հեռուստաալիքներն ու թերթերը հորինված լուրեր են տարածում: Դա ցույց են տվել հասարակական կարծիքի համազգային հարցման՝ ապրիլի 2-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել են Նյու Ջերսիի նահանգում գտնվող Մոնմութի համալսարանի հետազոտողները:
Փորձագետներն ընդգծում են, որանցյալ տարի այդպես էր կարծում ԱՄՆ-ի քաղաքացիների 63 տոկոսը: Հարցվածների 31 տոկոսի կարծիքով՝ ԶԼՄ-ները նման պրակտիկայի են դիմում «կանոնավոր կերպով», 46 տոկոսը գտնում է, որ դա տեղի է ունենում «ժամանակ առ ժամանակ»:
Հարցվածների 42 տոկոսը հայտարարել է, որ հեռուստաալիքներն ու թերթերը հորինված լուրեր են եթեր հեռարձակում եւ հրապարակում՝ հետապնդելով այս կամ այն քաղաքական նպատակը: Ինչպես նշել է հարցման մասնակիցների 83 տոկոսը, այսպես կոչված շահերի խմբերը փորձում են մամուլի միջոցով կեղծ նյութեր տարածել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հրապարակավ հայտարարել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները խիստ կանխակալ վերաբերմունք են դրսեւորում իր ու իր վարչակազմի նկատմամբ՝ հրապարակելով ոչ հավաստի կամ հորինված տեղեկատվություն:
Անցյալ տարվա մարտին նա The New York Times թերթը, ինչպես նաեւ CNN, NBC, CBS եւ ABC հեռուստաընկերությունները հայտարարեց «ամերիկյան ժողովրդի թշնամի»: Մարտի 2-5-ին անցկացված հարցմանը մասնակցել են գրեթե հազար ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: